ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն շարունակում է ներկայացնել իր տեսակետը կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ:
Այս անգամ անդրադարձ է արվել Արդարադատության ոլորտին:
«Արդարադատության ոլորտում կառավարության մոտեցումները ներկայացված են ծրագրի «Օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնում: Ներկայացվածն ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում:
Այսպես, վկայակոչվում է կառավարության քաղաքական կամքի առկայությունը, մեղադրանքներ են ներկայացվում ամբողջ դատական համակարգին, եւ, ըստ էության, կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը: Արդարադատության իրականացման` դատարանների գործառույթների պատշաճ կատարման համար առանձնացվում է երեք քայլ. կառավարության` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամությունը, դատավորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղված «վերահսկողությունը» եւ դատավորների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Նախ՝ տվյալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թե առանձին դեպքերին, արդարացված չէ, առավել եւս, երբ խոսքը Սահմանադրությամբ ամրագրված իշխանության՝ անկախ եւ ինքնուրույն գործող հաստատության մասին է: Երկրորդ՝ չի ներկայացվում, թե գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թվում` օրենսդրությամբ նախատեսված կամ օրենքով չկարգավորված), որոնք կիրառվել են իշխանության առանձին մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատության իրականացմանը, ինչը սահմանադրությամբ արգելված եւ քրեական պատասխանատվություն նախատեսող գործողություն է:
Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարեւոր է, այն կրում է անձնավորված բնույթ, հիմնավորվում է քաղաքական ընտրություններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդյունքների են հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ հաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»: Կարեւոր է նաեւ ներկայացնել դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական եւ նյութական ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննության սկզբունքի ներքո ի՞նչ հնարավոր իրավական հետեւանքների կարող են հանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էության անօրինական են ընկալվում:
Բացի նշվածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու մարդու՝ ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանության մակարդակում (վարչական կարգով իրավունքների պաշտպանություն), ինչպե՞ս է կառավարությունը տեսնում պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային ռեսուրսների եւ ընդերքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավազորությունների իրացումը` ի շահ ներկա եւ ապագա սերունդների, իրավունքների պաշտպանության մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով եւ մեխանիզմներով քրեական արդարադատության համակարգը կերաշխավորի հանցանքի համար համարժեք պատժի սահմանումն ու կիրառումը:
Դատապարտյալների սոցիալականացման (ներառյալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից հետո անձի կողմից այլեւս հանցագործություն չկատարելու պատրաստակամությունը եւ այլն), քրեակատարողական հիմնարկների, ազատությունից զրկելու ոչ իրավաչափ դեպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնույնացնելու, ինչպես նաեւ անչափահասների հարցերով քրեական արդարադատության համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանությունը: Վկաների, փորձագետների եւ տուժողների պաշտպանության համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսվում: Հատկապես փաստաբաների գործունեության խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական եւ այլն) վերացնելու, նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնության իրավակարգավորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի եւ/կամ նրա իրավահաջորդի իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգի զարգացման ի՞նչ մոտեցումներ են նախատեսվում առաջիկա տարիներին:
Այս բաժնում ակնհայտ շփոթ կա իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության կարեւորագույն սկզբունքների միջև:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը