13 02 2019

Հայ «առաջադեմ» հասարակությունը հայրենակցի հաջողությամբ ուրախանալու փոխարեն, չարացել է. Ավետիք Իշխանյան

Հայ «առաջադեմ» հասարակությունը հայրենակցի հաջողությամբ ուրախանալու փոխարեն, չարացել է. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՉԱՐՈՒԹՅՈՒՆ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Փետրվարի 9-ին Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել հայկական էստրադայի ճանաչված երգչուհի Սիրուշոն։ Պարզվում է․ որ հայ «առաջադեմ» հասարակությունը փոխարեն ուրախանալու հայրենակցի հաջողությամբ, չարացել, կատաղել է և շնորհավորհանքների փոխարեն լուտանքներ և հայհոյանքներ տեղացել երգչուհու հասցեին, միայն այն բանի համար, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։ Հիշեցի թե ինչպես տարիներ առաջ փողոցում տեղեկացա, որ Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ճանապարհին հանդիպեցի Հայաստանի «առաջադեմ» գործիչներից մեկին։ Ուրախ-ուրախ հաղորդեցի լուրը։ ԵՎ հանկարծ զրուցակիցս մռայլվեց և չարությամբ մռմռաց․ «Սերժի աչքը լույս․․․»։

Այսպիսով մեր հասարակության «առաջադեմ» հատվածը տարբեր ոլորտների գործիչներին գնահատում է ոչ թե ըստ նրանց տաղանդի, ունակությունների, այլ ըստ նրանց տարբեր ազգակցական, բարեկամական կապերի, իրենց կողմից այդ պահին ատելի քաղաքական գործիչների հետ։ Հատուկ եմ շեշտում այդ պահի, քանի որ վաղն իսկ այդ նույն գործչին կերկրպագեն, իսկ այսօրվա կուռքին կհայհոյեն։ Նաև թքած ունեն Հայաստանի միջազգային վարկի վրա, նրանց կարծիքով սպորտի, արվեստի և այլ ոլորտներում Հայաստանի ցանկացած հաջողություն բոլորինս չի, այլ իրենց կողմից այդ օրն ատելի իշխանությանը կամ քաղաքական գործչինը։ Անցյալ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, մի միջոցառման ժամանակ հանդիպեցի Ռուսաստանի այլախոհներին, որոնք խիստ դեմ են ՌԴ նախագահ Պուտինին,սակայն բոլորը ոգևորված էին Ռուսատանի հավաքականով։ Հիշում եմ ԽՍՀՄ տարիներին ինչպես էինք բոլորս ուրախանում Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի և այլոց հաջողություններով, անկախ կոմունիստ, անկուսակցական կամ այլախոհ լինելուց, չնայած որ նրանք հանդես էին գալիս ԽՍՀՄ դրոշի տակ։ Համոզված եմ, որ այդ հաջողություններով ուրախանում էին նաև բանտերում տառապող մեր անկախականները։ Իսկ հիմա․․․»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ