12 02 2019

ՊՆ-ն չի պատրաստվում որևէ դեպք կոծկել. Դավիթ Տոնոյան

ՊՆ-ն չի պատրաստվում որևէ դեպք կոծկել. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին, որի շրջանակներում համագործակցության ոլորտներն աճել են երկուսով՝ հասնելով 15-ի: Փետրվերի 12-ին համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանն ասաց, որ հայ-կիպրական երկկողմ համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ:

«Արժե նշել, որ համագործակցությունը հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով: Մենք քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում առկա իրավիճակն ու ընդլայնման հնարավորությունը, և տեղում մեր 13 միջոցառումները դարձան 15, որովհետև երկու ոլորտներում մեկը ռազմական տեղեկատվության փոխանակումն է՝ կապված Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որտեղ բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել, մենք գտնում ենք՝  տեղեկատվության փոխանակումը կարևոր է երկուստեք, մյուս ուղղությունը, որը նոր է մեր համագործակցության շրջանակներում, ժամկետային պարտադիր զինծառայության կազմակերպումն է»,-նշեց նա:

Նախարարն ասաց, որ ռազմաօդային, հակաօդային, մարտական պատրաստվածության և այլ ոլորտներում ևս համագործակցություն կա:

Անդրադառնալով դեկտեմբերի 31-ին մահացած զինվորի թեման կոծկելուն, նախարարն ասաց, որ պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել  որևէ դեպք: «Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել, հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել: Մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը:

Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում. «Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»:

Խոսելով Սիրիայում մարդասիրական առաքելությունն իրականացնելու մասին Դավիթ Տոնոյանն ասաց, որ դա օրենքի տառին համապատասխան է իրականացվում:

«Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք է եղել: Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, որ ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա, Հայաստանը դա նույնպես օրենքի տառին համապատասխան կանի: Իհարկե, որոշման ընդունման ժամանակ կաշխատենք համագործակցել նաև արտախորհրդարանական ուժերի հետ», - ասաց Տոնոյանը:

Սավաս Անգելիդիսն իր հերթին նշեց, որ վստահ է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության հաջողությունում: «Դրանից ելնելով՝ կհամագործակցենք նաև տեղեկատվության փոխանակման հարցով», - հավելեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ