07 02 2019

Ծրագիրը ծրագիր չէ, այլ բարի ցանկությունների գիրք. Ավետիք Չալաբյան

Ծրագիրը ծրագիր չէ, այլ բարի ցանկությունների գիրք. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ փաստաթուղթը բավական մեծ է, գնահատականներն էլ իմաստ ունի տալ ըստ բաժինների (այն ունի 8 բաժին), այսօր կենտրոնանամ 1-ին բաժնի՝ Կառավարության գործունեության հիմնական ուղենիշների վրա։ Սկսեմ, ինչպես միշտ, դրականից՝

ա) Հստակ նշված է կառավարության հիմնական գերակայությունը՝ մրցունակ և ներառական տնտեսություն կառուցել, ես ինքս էլ դա կունենայի որպես առաջին գերակայություն

բ) այս գերակայության շրջանակներում նշած են մի շարք առանցքային ուղղություններ, որոնք ևս անվիճելի են՝ տնտեսական գործունեության հնարավորություննեի ընդլայնումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մարդկային ներուժի զարգացումը, և ենթակառուցվածքների զարգացումը, սա ազատական տնտեսություն կառուցելու տեսակետից "դասական" մենյու է, և ինձ համար լրիվ հասկանալի և ընդունելի

գ) այդ ուղղությունների ներսում նշված բազմաթիվ խնդիրներ ևս խելամիտ են ձևակերպված․ և այս մակարդակով առարկություն չեն առաջացնում

Շարունակեմ նրանով, թե որտեղ եմ խնդիրներ տեսնում։

ա) թեև մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելը պետք է լինի առաջին գերակայությունը, Հայաստանի պայմաններում այն չպետք է լինի միակը։ Առնվազն երկրի անվտանգության ապահովումը և հանրային արդարության վերականգնումը պետք է լինեն տնտեսական զարգացմանը համարժեք գերակայություններ, քանի որ երկուսի մասով մեր երկիրը շատ հեռու է դեռ մեր քաղաքացիների սպասումներից, իսկ հեղափոխությունն էլ ավելի շատ պայմանավորված էր հենց անվտանգության և արդարության խիստ պակասով, քան տնտեսական զարգացման, որը լավ թե վատ, մինչև հեղափոխությունն էլ էր տեղի ունենում։ 

բ) աղքատության հաղթահարումը և տարածքային համաչափ զարգացումը, որը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է, նույնիսկ նշված չէ գերակայությունների մեջ։ Որևէ անդրադարձ չկա նաև նրան, թե անկախությունից ի վեր կուտակված տնտեսական տարբեր ձևախեղումները, մենաշնորհները, և ապօրինությունները ինչպես պետք է հաղթահարվեն, թեև դրանք աղքատության և անարդարության հիմնական աղբյուրն են երկրում։ 

գ) Կառավարության խնդիրների մասով, նշած չեն ոչ սահմանադրական բարեփոխումները (այնինչ ակնհայտ դրանց կարիքը կա), ոչ դատաիրավական բարեփոխումները, ոչ ժողովրդավարական համակարգի հետագա զարգացումը, ոչ հանրային համերաշխության ամրապնդումը, ոչ էլ որևէ համազգային խնդիր։ Այնպիսի տպավորություն է ընդհանրապես, որ կառավարությունը իր խնդիրները տեսնում է միայն սոցիալ-տնտեսական կառավարման ոլորտում՝ թեև նոր Սահմանադրությամբ, նրա խնդիրները շատ ավելի ընդարձակ են, այն պետական իշխանության առանցքային մարմինն է։ 

դ) և այս բաժնում, և այլուր, ամենուրեք նշված են ուղղություններ, բայց համարյա և ոչ մի տեղ չկան չափելի նպատակներ եւ համարժեք թվային չափորոշիչներ, որոնք ապագայում հնարավորություն կտային գնահատել, թե Կառավարությունը արդյունավետ է գործել, թե ոչ։ Հասկանալի է, որ ճշգրիտ թվեր դժվար է նշել, բայց գոնե մոտավոր ուղենիշներ պետք են, այլապես ծրագիրը ծրագիր չէ, այլ բարի ցանկությունների գիրք, սա վերաբերվում է ոչ միայն այս բաժնին, այլև պրակտիկորեն ամբողջ ծրագրին։

Ընդհանուր առմամբ, Կառավարության ծրագրի առաջին բաժինը բավականին թույլ և պարզունակ տպավորություն է թողնում։ Թեև սա որոշակիորեն սպասելի էր, բոլոր դեպքերում ցանկություն կա, որ Կառավարությունը, որը ձևավորվել է աննախադեպ հանրային աջակցության պայմաններում, համապատասխան հանրային սպասումները ևս համարժեք արտացոլի իր Ծրագրում, ուստի հույս ունեմ, որ այն մինչև Ազգային ժողովի կողմից հաստատվելը, գոնե ինչ որ չափով կատարելագործվի, ինչպես նաև կդառնա ավելի չափելի վերջնարդյունքի տեսակետից։ 

Առայժմ այսքանը, հաջորդ իմ գրառմամբ խոստանում եմ անդրադառնալ Ծրագրի 2-րդ, Անվտանգությանը նվիրված բաժնին։ Ինչպես միշտ, շնորհակալ կլինեմ բոլոր շահագրգիռ արձագանքների համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ