Zham.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրերս բաց հասարակության հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ գրառում էր կատարել։
«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել էր նա։
Նաև կիսվել էր` «Ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը»հոդվածով, որը հրապարակվել էր Սորոսի հիմնադրամի կայքում։ Հոդվածի հեղինակը լրագրող Տաթևիկ Խաչատրյանն էր, ով անդրադարձել էր թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ հետագա զարգացման հնարավորությանը։
Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո անցել է ավելի քան 9 ամիս, սակայն Սորոսը հենց այս պահին «հիշեց» Հայասստանին: Ինչո՞ւ, կհարցնի շարքային ընթերցողը, մեզ հիշեցին «այդքան ուշ», մի՞թե այս գրառումը չպետք է լիներ անցած տարվա մայիսին, հունիսին, երբ հեղափոխությունն արդեն hաղթել էր: Կամ գոնե անցած տարվա դեկտեմբերյան ընտրություններից հետո, երբ Փաշինյանի հեղափոխական թիմը իր հաղթանակը ամրագրեց ընտրությունների արդյունքում:
Կարծում ենք, որ Հայաստանում, Սորոսին շատ ռոմանտիկ են պատկերացնում, ինչպես որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նման պատկերացում կար հետսովետական երկրներում:
Սորոսի այս գրառումը «զարմանալիորեն» համընկավ ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի վերջին դրամատիկ զարգացումների հետ:
Վերջին վեց ամիսների ընթացքում, բանակցություններում փաստացի քննարկվում էին, պայմանական ասած, խնդրի կարգավորման «բոլթոնյան սկզբունքները»: Սակայն վերջին պահին, ինչ-ինչ պատճառներով, Փաշինյանը «задни» դրեց և խիստ մտահոգեց ամերիկացիներին ու ադրբեջանցիներին: Վերջիններս արդեն բացահայտ սկսեցին նշել, որ իրենց ոչինչ չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական մեթոդին: Բայց դրա համար նրանք պետք է հասկանան, թե ինչպիսին կլինի գերտերությունների, և հիմնականում,
Մոսկվայի ու Վաշինգտոնի արձագանքը: Մոսկվայինը չուշացավ, կործանիչներ վաճառելու լուրով ռուսները հասկացրեցին, որ դեմ են հնարավոր ռազմական գործողություններին: Լռում էին միայն ամերիկացիները:Եվ ահա, նրանք արձագանքեցին... Սորոսի շուրթերով, որի մեսիջը ադրբեջանցիներին հետևյալն էր՝ «մի սկսեք ռազմական գործողություններ, մենք Սորոսի միջոցով կնախապատրաստենք հայ հանրությանը, կչեզոքացնենք Փաշինյանի պոտենցիալ հակառակորդներին, որից հետո Բոլթոնյան ծրագիրը կարող է իրականություն դառնալ»:
Այսպիսով, ամերիկացիները այս մեսիջով խնդրում են ադրբեջանցիներին՝ «մի քիչ սպասել»:
Իսկ թե ինչ մեթոդներով են հայ հանրությանը «համոզելու» սորոսականները, արդեն հայտնի է:
Նախ փորձելու են սկսել զինվորականների, ղարաբաղյան վերնախավի լայնամասշտաբ վարկաբեկման գործընթացը: Որից հետո ակտիվորեն սկսելու են քարոզել, այսպես կոչված, «անցումային արդարադատության» սկզբունքը՝ նպատակ հետապնդելով, իբր, պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն իրականում այդ շղարշի տակ փորձեն քաղաքական պատանդի կարգավիճակի մեջ դնել նախկին ակտիվ դեմքերին, ովքեր կարող են «խանգարել» բոլթոնյան ծրագրի իրագործմանը: Քաղաքական դաշտը «մաքրելուց» հետո միայն կփորձեն կսկսել քարոզել՝ «տարածքներ կոմունիկացիաների բացման դիմաց»՝ արդեն փաստացի հայտնի դարձած բոլթոնյան բանաձևը: Կոնի վրա դրված է չափազանց մեծ խնդիր և ամերիկյան ներկայիս բոլթոնյան թևը մինչև վերջ փորձելու է կյանքի կոչել իր ծրագիրը, որտեղ սորոսականները պիտի Հայաստանի «ներսից» օգնեն այդ ծրագրի իրականացման համար:
Սակայն պետք է նշել, որ այս ամենը այնքան ճչացող է, Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը այնքան ակներև սպառնալիք է, որ դրա իրագործման հնարավորությունը գրեթե անհնարին է: Բայց երկրում պառակտման գործընթաց կարող է սկսվել, որից կարող են օգտվել ադրբեջանցիները: ինչպես որ մենք 90-ականների կեսերին, օգտվեցինք նրանց պառակտումից, և հասանք մեծ հաջողության...
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը