Մենք միշտ ասել ենք, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուն, Մարուքյանն ասաց. «Նախագահությունը կորցնելն, այո, կարող է լինել մեր իշխանությունների վարած սխալի հետևանք: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»:
Նա չհամաձայնեց իշխանությունների կողմից հնչող տեսակետին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը այնքան էլ կարևոր չէ. « Դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելու հարցը: Փորձ է արվում բովանդակային հարցից շեղել: Ասում են՝ կարևոր չի ով է նախագահությունում, եկեք խնդիրները լուծենք, բայց եթե ունես նախագահություն ավելի հեշտ կարող ես այդ խնդիրները լուծել: Իսկ երբ նախագահությունը կորցնում ես, ինչո՞ւ ես կորցնում»:
Խոսելով ԼՂՀ բանակցային գործընթացի մտահոգությունների մասին Մարուքյանն ասաց. «Մենք մեր մտահոգություններն ասել ենք, որ շատ ակտիվ շրջանառվում են տարբեր տեսակի կարծիքներ, մոտեցումներ: Այս ֆորմատը մենք կպահպանենք, կդարձնենք պարբերական»:
Հարցին, թե ինչու է ղարաբաղյան հարցի շուրջ այսպիսի ակտիվություն: «Ստացանք այն հարցերի պատասխանները, թե ինչ է տեղի ունենում: Իսկ, թե ինչու է ակտիվ, մենք նման հարց չունեինք, որովհետև պարզ է, որ պետք է ակտիվ լինի: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ու ընտրություններից հետո չէր կարող այս հարցը չքննարկվել: Դա ինձ համար անակնկալ չէ: Այս պահին ես ասել եմ, որ ակտիվ շփումները մտահոգիչ չեն, շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը»:
Նրա խոսքով՝ արցախյան հարցի վերաբերյալ միշտ էլ կան մտահոգություններ, քանի դեռ այն կարգավորված չէ. «Մտահոգություններն ու հարցերը, որ կային, մենք փորձեցինք հնարավորինս փարատել՝ ստացված տեղեկատվության արդյունքում: Այդ տեղեկությունը պետք է անալիզի ենթարկվի և մարսվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը