31 01 2019

Վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան

Վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան

Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող տեղի ունենալ առանձին վերցրած խմբի, անհատի, կուսակցության ջանքերով: Սա մեր համազգային ջանքերի արդյունք է, որը մենք կարողացանք ներդնել մեր երկիրը վերափոխման մեծ ճանապարհին դնելու գործընթացում: Մենք համազգային համագործակցության աննախադեպ օրինակ ենք ցույց տվել ապրիլ-մայիս ամիսներին, և, ըստ էության, յուրաքանչյուր հայ իր ներդրումը բերեց այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Փաշինյանը:

Նա ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ազատ, արդար, օրինական լինելը չի վիճարկվում ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի ներսում: «Առաջին անգամ մենք ունեցանք ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանն այսօր առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: «Մենք կարիք ունենք քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացնելու տնտեսական փոփոխությունների և քաղաքական հեղափոխությունից անցնել տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության և բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը:

Սա ոչ թե առանձին վերցրած կուսակցության կամ կառավարության անելիք է, այլ համազգային անելիք: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և միջազգային հանրության մեջ քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք օգտագործել մեր ունեցած ներուժը հանուն ազգային նպատակների իրագործման»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստ է պատասխանել ներկաների հարցերին:

Վարչապետը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին:

Նա ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ով է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում և մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող այն տեղեկություններին, թե իբր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: «Ես մի օր հրավիրել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հարցրել՝ կարո՞ղ է մեր վրա ճնշում են գործադրում և մենք գլխի չենք ընկել: Որովհետև այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը»,- կատակել է Փաշինյանը՝ հերքելով նմանօրինակ լուրերի իսկությունը:

Փաշինյանը նաև հայտնել է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: 

Վարչապետը նկատել է, որ Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն:

«Օրինակ, սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակներում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից:

Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ:

Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը: Նա ընդգծել է, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը:

«Ըստ էության մեր պատկերացումը հետևյալն է՝ սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա՝ բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, ով կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ»,- հայտարարեց Փաշինյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ