31 01 2019

Տասը զոհերի սպանությունները բացահայտված չեն, իսկ հանրությունը դա է պահանջում. Աղասի Ենոքյան

Տասը զոհերի սպանությունները բացահայտված չեն, իսկ հանրությունը դա է պահանջում. Աղասի Ենոքյան

Մարտի 1-ի գործում և' իրավական, և' քաղաքական լուրջ գործոններ կան, իսկ այսպիսի քննությունը, որն այսօր կա, միանգամայն անհասկանալի է: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Բազմիցս ասվել է, որ Մարտի 1-ի գործով քննությունը պետք է գնա 10-ը սպանությունները և մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: Հիմա որ Ռոբերտ Քոչարյանին նստեցրեցինք, մենք գիտե՞նք, թե սպանություններն ովքեր են իրականացրել, բարեկամներն իմացա՞ն` ովքեր են սպանել իրենց հարազատներին, զավակներին: Ես կարծում եմ՝ Մարտի 1-ի գործի նման հանգուցալուծումը հասարակությանը չի բավարարելու: Քոչարյանին կարելի է նստեցնել, հետո` բաց թողնել, բայց սա չի բավարարելու, քանի որ կոնկրետ սպանությունները բացահայտված չեն, իսկ հանրությունը դա է պահանջում: Քոչարյանին մեղադրում են մի հոդվածով, որը, երբ կատարվել է ենթադրյալ հանցանքը, գոյություն չի ունեցել, սա իրավական կազուս է: Զարմանում եմ՝ Քոչարյանի հետ կապված կա հասարակական հսկայական դժգոհություն, կան հանրային տարբեր մեղադրանքներ, գուցե կարելի էր ավելի ուղի՞ղ ճանապարհով գնալ, կամ` իմ նշած 10-ը սպանությունների բացահայտման ճանապարհով, բայց գնում են մի ճանապարհով, որն ի սկզբանե տապալված է: Եվ հետո, երբ ասում ենք` սահմանադրական կարգը տապալվել է, հիմա դա վերականգնվե՞լ է»:

Հարցին՝ նոր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, փորձագետը դժվարացավ պատասխանել:

Ինչ վերաբերում է հնչեղություն ստացած մյուս գործերին, ապա, ըստ Ենոքյանի, Սամվել Մայրապետյանի գործով մեր իրավապահ համակարգի գործունեությունը Եվրոպան գնահատեց բացասական, քանի որ մարդը գտնվում էր շատ վատ վիճակում, իսկ մեր դատական համակարգն ի վիճակի չէր նախնական կալանքի շրջանում թողնել նրան, որ գնա, առողջական խնդիրները լուծի, ուստի ստիպված դիմեցին ՄԻԵԴ:

«Մանվել Գրիգորյանին էլ առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել, բայց փողոցի ճնշման տակ ստիպված եղան կրկին կալանավորել: Համենայն դեպս, տարածվող կարծիք կա, որ այդ պատճառով է արվել»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին, Աղասի Ենոքյանը նշեց, որ եթե իշխանություններն անհրաժեշտ ուշադրություն դարձնեին, նման բան գուցե չլիներ, քանի որ հացադուլի իմաստը քեզ վրա ուշադրություն սևեռելն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ