Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ճիշտ չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստը:
«Նա զարգացրել է Հայաստանի տնտեսությունը և ազատության մեջ չէ, իսկ հակառակն անողն ազատ է, նրա նկատմամբ ոչինչ չի արվել: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդասպանություններ չե՞ն եղել, քաղաքական սպանություններ չե՞ն եղել, ընդ որում՝ ոչ թե բողոքի ցույցերի ժամանակ, այլ, օրինակ, Յուզբաշյանն իր այգում է սպանվել, Համբարձում Գալստյանը, երկաթգծի պետը, այսինքն՝ մարդիկ գնդակահարվել են՝ որպես պոտենցիալ քաղաքական հակառակորդներ:
Երկրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է դրել կողոպուտային կապիտալիզմի հիմքը կամ` երկիրն այդ ուղու վրա, այդ տարիներին է «ջարդվել» ողջ տնտեսությունը: Խորհրդային Հայաստանն այս տարածաշրջանի ամենազարգացած պետությունն է եղել, քանի տարի հաստոցները, որպես մետաղ, վաճառել են: Անցած տարի մի քննարկման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներից մեկն ընդունեց այս փաստը՝ նշելով. «Ո՞վ է ասել, որ դրանից հետո մի հաստոցի կարիք եղել է»: Սա ֆանտաստիկ բան է: Այսպիսի երկիր է ընդունել Քոչարյանը և ապահովել երկնիշ տնտեսական աճ»,- ասաց Մանասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը