30 01 2019

ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին. Վիտալի Բալասանյան. Tert.am

ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին. Վիտալի Բալասանյան. Tert.am

Tert.am-ը գրել է. «Ես  հրաժարական չեմ տալու, Արցախի Հանրապետությունում  ինձ պաշտոնանկ անելու  հարց չի քննարկվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը` անդրադառնալով լուրին, թե Ղարաբաղում կարծում են, որ Բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև Վիտալի Բալասանյանին հեռացնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Արձագանքելով դիտարկմանը, որ իր հրաժարականը հարցը Բակո Սահակյանի մոտ  կարող են բարձրացնել ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը` հաշվի առնելով այն, որ ժամանակին ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը մամուլը կապում էր ՀՀ իշխանությունների կողմից այդպիսի պահանջի հետ, Վիտալի Բալասանյանն ասել է.

«ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, որովհետև ես իմ պարտականությունները կատարում եմ, երբ չկատարեմ, ԱՀ նախագահը  համապատասխան որոշում կկայացնի: Նույն է, թե ՌԴ-ի, Մոլդովայի իշխանություններին հորդորեն մեկ այլ պետությունում որևէ մեկին պաշտոնանկ անել: Որևէ մեկը որևէ մեկին իրավունք չի վերապահում, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված պետականություն ունեցող ԱՀ ներքին գործերին խառնվի»,-նշել է նա:

Վիտալի Բալասանյանն ասել է, որ Եռաբլուրում ինչի մասին խոսել է, կրկին պնդում է՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը «Մարտի 1»-ի գործով ծիծաղելի է: Նաև նշել է, որ Բանակի տոնի միջոցառումների շրջանակում թեև Նիկոլ Փաշինյանին տեսել է, բայց հետը չի զրուցել:

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը մասնավորապես ասել էր. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, այսինքն ո՞նց եք պատկերացնում, որ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, իշխանության եղած մարդը ինչի՞ է սահմանդրական կարգը տապալում:

Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ