28 01 2019

Նախագահի աշխատակազմում կընդունենք երկուսից երեք հաշմանդամ զինծառայող. Արմեն Սարգսյան

Նախագահի աշխատակազմում կընդունենք երկուսից երեք հաշմանդամ զինծառայող. Արմեն Սարգսյան

Թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, վարչապետի ու կառավարության գործն է: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցումասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Նույն գործը կարելի է անել 10 հոգով և կարելի է անել 20 հոգով, 10 նախարարությամբ և 20 նախարարությամբ: Վստահ եմ, որ մեր վարչապետը մտածում է, թե ինչպես անի, որ կառավարությունն ավելի էֆեկտիվ լինի: Եթե ինձնից խորհուրդ հարցնեն, ես իմ խորհուրդը կտամ:Ես իմ փորձառությունն ունեմ, իմ պատկերացումներն ունեմ, բայց հստակ է, որ լուծումը միայն կառուցվածքային չի լինելու, այլև ըստ էության»,-հայտարարեց նախագահը:Նա ընդգծեց, որ պետք է գիտակցել, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի. «Բայց մենք հնարավորություն ունենք դրանց մի մեծ մասը ստեղծել: Բայց մի տեղից պետք է սկսես: Այստեղ չի աշխատելու դեպքը, որ «երբ մենք թատրոն ունեինք, դուք ուր էիք»: Պետք է նայենք այսօրվա աշխարհին, տեսնենք՝ ով ինչ ունի, սովորենք իրենցից: Համոզենք, բերենք, համատեղ աշխատենք: Դա հնարավոր է»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե գերտերությունները թույլ կտա՞ն մեզ ժամանակակից զենք արտադրել, Արմեն Սարգսյանն ասաց. «Այդպես չէ, որ գերտերությունները խնդիր են դրել, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաներ չարտադրի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ գերտերությունները մեզնից հաճույքով կգնեն, ոչ թե կարգելեն»:

Հարցին, թե արդյոք մտահոգիչ է համարում, որ տարվա ընթացքում 63 մահ է գրանցվել բանակում, և որոշակի աճ կա անցած տարվա թվերի համեմատ, Արմեն Սարգսյանն ասաց.«Երբ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ այդ հարցերը, առավել ճշգրիտ թվեր գիտեմ: Մեր հասարակությունը, հայությունը պետք է սկզբունք որդեգրի, որ նույնիսկ մեկ մահը հսկայական ազգային ողբերգություն է»,- ասաց նա:

Նախագահ Սարգսյանը շնորհավորեց նաև բանակի օրվա առթիվ. «Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, կարծում եմ՝ բանակի ծնունդը կարելի է նմանել Վահագնի ծնունդին, հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար, և ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ կազմավորումից կարճ ժամանակ անց ՀՀ բանակը դարձավ տարածաշրջանում ամենակազմակերպված, մարտունակ բանակը, և մենք ունեցանք բազում հաղթանակներ և լեգենդար հերոսներ:

Հանրապետության նախագահը նշեց, որ նոր ժամանակների բանակը՝ որպես կյանքի ինքնատիպ դպրոց և համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն. բանակն իսկապես հասարակության հայելին է:

«Բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն իր սեփական պաշտպանությանը, այլ նաև մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը` սերտորեն համագործակցելով գիտական մարմինների, գործարար շրջանակների և բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ: Բանակի և զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է. բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահի ինստիտուտը նախատեսել է իրականացնել «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և հաշմանդամություն են ձեռք բերել:

Նա նաև նշեց, որ նախատեսում են աշխատանքներ տանել հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների համար աշխատանք գտնելու ուղղությամբ: «Որպես օրինակ բարոյական պարտականություն ենք ստանձնել, որ մոտակա շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունենք երկուսից երեք հաշմանդամ զինծառայող»,- ասաց նա՝ հավելելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Դարմանյանին արդեն ընդունել են աշխատանքի:

Նախագահը հավելեց, որ այն երիտասարդները, որոնք ծառայել են, որոնք առողջական խնդիրներ ունեն, վիրավոր են եղել, հիմա հաշմանդամ են, նրանց չի կարելի մոռանալ:

«Այո, նրանք թոշակ են ստանում, դեռ պետք է պարզել՝ այդ թոշակը բավարար է, թե ոչ, բայց նրանք երիտասարդ մարդիկ են, չեն կարող 60 տարի թոշակ ստանալ: Պետք է նրանց հետ բերենք կյանք, ներգրավենք: Հաստատ այդ մարդիկ ինչ-որ տաղանդ ունեն, պետք է գտնել, օգտագործել, սովորեցնել ու աշխատանք տալ»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Նա կոչ արեց լրագրողներին՝ գործարարներին հարցնել, թե նրանք ինչ են արել այդպիսի անձնաց համար. «Եթե դու գործարար մարդ ես, ունես 100 աշխատող, գոնե մեկ հոգու կարո՞ղ ես աշխատանքի վերցնել, իհարկե, կարող ես: Ես հանդիպելու եմ մեծ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց քաջալերեմ, խնդրեմ, որ նրանք դա անեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ