Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված գիտական սեմինարին: Գիտությունների ազգային ակադեմիայում նախագահը պատասխանել է որոշ ակտուալ հարցերի։
Պատասխանելով այն հարցին, թե լուրեր կան, որ ՀՀ նախագահի հովանու ներքո, իր հետ կապ ունեցող կուսակցություն է հիմնվում՝ Արթուր Ղազինյանի կուսակցությունը, Արմեն Սարգսյանը նշեց. «Արթուր Ղազինյանին, նրա հորը ճանաչում եմ համալսարանական տարիներից: Նրա հայրը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանն էր: ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և ուղղակի կամ անուղղակի աջակցել որևէ կուսակցության»։
Անդրադառնալով Սահմանադրության և հնարավոր փոփոխությունների հարցին՝ նախագահը նշեց․ «Ես լիովին կարողանում եմ իմ պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակներում»։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ եթե փոփոխությունների կարիք լինի, դա իր ցանկությամբ չի լինի, այլ հանրության, հասարակության, համապատասխան մարմինների, կառավարության, վարչապետի և նախագահականի երկխոսության արդյունքում, ոչ թե նախագահի կամ մեկ այլ քաղաքական գործչի մեկնաբանությունների:
«Ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ և գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել: Համապատասխանաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում ՀՀ նախագահի գործունեության համար:
Եթե Սահմանադրության որոշ օրենքներ քննարկումների, ռեֆերենդումի արդյունքում կփոխվեն, դրա կարիքը կլինի, եթե այդ քննարկումները լրջանան, և կարիք լինի նախագահի կարծիքը արտահայտել, մի կասկածեք, կարտահայտեմ: Բայց նախնական քննարկումների, բամբասանքների, կարծիքներին, չեմ կարծում, որ արժի նախագահը մասնակցի»,-ասաց ՀՀ նախագահը:
Նախագահը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ նշելով, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներին և վարչապետի արտաքին քաղաքական հանդիպումները մեկնաբանելը նախագահի գործը չէ։ Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգում Հանրապետության նախագահը մեկնաբան չէ, Արմեն Սարգսյանը հրաժարվեց անդրադառնալ նաև Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը