Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը, որի ընթացքում ձերբակալվածների թիվը 360-ից անցել է: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ և իր աջակցությունը հայտնել նրան երկրում սրված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: Պուտինը նշել է, որ «ապակառուցողական արտաքին միջամտությունը» խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և կոչ արել խնդրի լուծումը որոնել սահմանադրական դաշտի և երկխոսության շրջանակում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի հարցում վատթարացնում են ճգնաժամը երկրում. «Ռազմական ուժի կիրառումը կարող է աղետալի լինել»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար. «Մենք կանենք այն ամենը, ինչ կպահանջվի մեր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Վենեսուելայում ցույցերի ժամանակ տասնյակ մարդկ են զոհվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը