21 01 2019

Ակտիվիստ Նիկոլից մինչև հեղինակազրկվող վարչապետ. Ֆեյսբուքյան անդրադարձ

Ակտիվիստ Նիկոլից մինչև հեղինակազրկվող վարչապետ. Ֆեյսբուքյան անդրադարձ

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի բան ասեմ, էլի: Ներկա իշխանության նավակում բարեհաջող տեղավորված նախկին ակտիվիստ, իրավապաշտպան, լրագրողները հավանաբար չհասկացան, որ անկախ նրանից, թե իրենք իրենց ոնց կդրսևորեն, այն պահից սկսած, երբ ժողովուրդը սկսի ատել Նիկոլին, նույն կերպ ատելու են իր ողջ թիմը անկախ գործած մեղքերից: Ու այդ երիտասարդների քաղաքական կարերան այդպես էլ լրջորեն չսկսված, կարելի կլինի համարել ավարտված: Շատ քչերին կհաջողվի դուրս գալ դրա տակից ու ստանալ քաղաքական կարերան շարունակելու երկրորդ շանսը: Իսկ այն, որ Նիկոլը համընդհանուր սիրեցյալից ոչ շատ հեռու ապագայում վերածվելու է համընդհանուր ատելիի, մեծ խելք պետք չի կանխագուշակելու համար»...

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի լայվից երկու հարցի պատասխան չստացա․ -ինչո՞ւ է պահպանվում սուպերվարչապետական համակարգը, -ինչո՞ւ են էդքան փնթի աշխատում մեր իրավապահ մարմինները, որ վարչապետը՝ բան ու գործ թողած, ստիպված անդրադառնում է Մայրապետյանի գործին»:

 Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկարահանումից կես ժամ առաջ զանգ եմ ստանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակից` պարոն Գրիգորյանը չի կարող գալ, գործեր ունի: Իմ բոլոր առաջարկությունները, որ հարցազրույցը կարող ենք տեղափոխել ցանկացած այլ ժամի, ի վերջո, երեկոյան՝ 22:00-ին կարող ենք ուղիղ եթեր մտնել, մերժվում են: Այս հարցազրույցի համար դեռ շաբաթներ առաջ եմ աշխատանք տարել, խոսել ենք անգամ հարցազրույցի թեմաների շուրջ՝ փոխհամաձայնության եկել / ի վերջո, խոսքը մեր երկրի անվտանգության մասին է/: Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ: Ցավում եմ. եթերից կես ժամ առաջ, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության ԽՈՍԵԼՈՒՑ հրաժարվելն առնվազն անլուրջ է, ՊԱՐՈՆԱ’ՅՔ: Իսկ հարցերն այնքան շատ են»…

 Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ հաշվարկներով առնվազն երկու-երեք տարի հետո իշխանությունն ամբողջությամբ հեղինակզրկվելու է: Չի լինելու գոնե մեկը, որը չնչին հեղինակություն ու կշիռ կունենա: Իսկապես տոտալ արժեզրկման վտանգը չափազանց մեծ է:

Սա Հայաստանի համար օրինաչափ երևույթ է: Մարդիկ ատել են ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին, իներցիայի ուժով ատելու են նաև ՔՊ-ին:

Խնդիրը չափազանց բարդ է, իսկ վերջնական պատասխանը՝ անհայտ: Բայց մի բան հստակ է, «համընդհանուր շահից» ելնելով քավության նոխազի չափազանց մեծ պահանջարկ կամ ինչու չէ նաև հրեշի թափուր աշխատատեղ կա: Ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի դատարկ տարածությունն այդ, քանի որ կյանքի իմաստավորման խնդիր կա: Ինչ-որ մեկը կամավոր կամ էլ կամքից անկախ պետք է ոչնչացվի՝ իհարկե համընդանուրի հավաքական գոյությունը արդարացնելու նպատակով:

Ոչ ոքի չեն խնայելու, չեն ներելու, խոսելու ու արդարանալու հնարավորություն չեն տալու: Ինչո՞ւ ներեն, եթե ներման պահանջարկ չկա, ինչո՞ւ խնայեն, եթե դրա պահանջարկն առավել ևս չկա: Պահանջարկը մեկն է՝ ոչնչացնել հրեշին:

Անձի պաշտամունքն արդյունավետ կարող է գործել միայն ամբողջատիրական հասարակարգում: Ժողովրդարության պայմաններում դրա տևողությունը հինգ վայրկյան է, որից հետո պաշտամունքը փոխակերպվում է խորը ատելության:

Ոչ ոք չի կարողանում հասկանալ այս ընթացքի էությունը: Եվ չհասկանալով մտնում են դրա կործանարար շղթայի տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ նրանք նույնիսկ չգիտեն էլ դրա մասին, գլխի չեն ընկնում:

Հեղափոխականները դեռևս ապրում են պաշտամունքի այն հինգ վայրկյանի տիրույթում՝ հայտնվելով գիտակցական խաբկանքի մեջ: Նրանք չեն էլ կանխատեսում, որ վայրկյաններն այդ վաղուց սպառվել են ու իրենք հայտնվել են ատելության չվերջացող փոթորկի մեջ: Հրեշին գլխատող ասպետի գլուխը ավելի ապահով պայմաններում չէ, քան հրեշի կտրված գլուխը: Ապահով չէ հենց հեռանկարի տեսանկյունից, քանի որ եթե համարձակվում ես գլխատել, ապա պատրաստ եղիր նաև սեփականը կորցնելու հավանականությանը:

Համընդհանուր գոռոցի, աղմուկ-աղաղակի և խելագարության պայմաններում կգտվնի ինչ-որ մի հիմար՝ բոլոր հիմարներից ամենախելացի հիմարը, ինտելեկտուալ ու կրեատիվ հիմարը, թոթովախոս ու անգլախոս հիմարը: Փրկության ակնկալիքով նա կպատմի, որ ժամանակին եղել է հեղափոխության առաջնագծում, ավելին հենց ինքն է հեղափոխության շարժիչ ուժն ու ամենավճռական սաղմը: Բայց նրան կպատասխանեն ժպիտով ու բարությամբ ու ամենայն հավանականությամբ հենց այսպես. ваша революция пошлость, воинствующая пошлость:

Համընդհանուր ատելությունից խուսափելու ճանապարհ չկա: Իսկապես չկա: Նույնիսկ ամենադրական ու ամենաօգտակար ռեֆորմները հողին են հավասարեցնելու: Սա օրինաչափություն է և դրա անխուսափելիությունից դրդված իշխանությունները պետք է մտածեն ոչ թե իրենց անօգուտ փրկության, այլ Հայաստանը ատելության ճիրաններից ազատագրելու մասին: Խոսքը ժառանգության մասին է: Այսինքն սեփական զոհաբերության հաշվին հասնել նրան, որ հաջորդ իշխանությունները դուրս գան ատելության իներցիոն, մեխանիկական ու ժառանգական ընթացքից:

Հակառակ պարագայում բոլորն էլ արժանանալու են նույն ճակատագրին, ու այս հարատև շրջափուլը երբեք կանգ չի առնի:

Երբ վարչապետին մեղադրում են ՀՀԿ-ի բարքերը ժառանգելու մեջ, նա դժգոհում է, միգուցե ճիշտ էլ անում է: Բայց պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ դա ավելի քան տրամաբանական է ու օրինաչափ: Հայացքն է այդպիսին, իշխանության հավաքական ընկալումն է այդպիսին: Մարդիկ իշխանությանը նայում են հենց այդ դիտանկյունով ու ակնկալիքն էլ պայմանավորվում է դրա նեղ, գաղափարական չափորոշիչներով:

Հայացքն ու դիտանկյունը պետք է փոխվեն: Հրեշի թափուր աշխատատեղը պետք է փոխարինվի մեկ այլ արժեքով, որպեսզի բոլոր նոր իշխանությունները իներցիայի ուժով չհայտնվեն դրա կապանքներում:

Կա երկու հակոտնյա բևեռ. մի բևեռում ՀՀԿ-ն է, իսկ մյուսում՝ երկնային արքայությունը: Իշխանություն-ընդդիմություն-հանրություն փոխհարաբերությունները մշտապես կարգավորվել են հենց այս երկու բևեռներով՝ սև ու սպիտակ, բարի ու չար, քաղցած ու կշտացած սկզբունքով: Խնդիրը այդ բևեռները գլխատելու մեջ է, քանի որ ամեն մի գործողություն, ընթացք ու կենդանության նշան իմաստավորվում է դրանց գաղափարական ներգործությամբ:

Քանի դեռ հանրության մեջ տիրապետող է իրականության ու քաղաքականության հենց այս երկբևեռ ընկալումը, բոլոր իշխանություններին ուղեկցելու է ՀՀԿ-ի ստվերը, տեսանելի ու ծանր ստվերը:

Որքան էլ ինչ-որ մեկը ատամները ցցած հիմար ժպիտով արտասանի այն հիմար արտահայտությունը, թե իրավիճակ է փոխվել, կամ էլ սա ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ է, միևնույնն է իրերի դասավորությունն ու իրավիճակի փոփոխությունը պայմանավորված են մարդկային պարզ ընկալմամբ:

Բարդ է, շատ բարդ: Հուսով եմ մեկ այլ առիթով առավել մանրամասն կխոսենք այս խնդիրների մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ