Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ.Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: Պարզապես նշված է, թե Ն.Մալյանը կատարել է այսինչ արարքները: Զարմանալի է նաև, որ հաղորդում ընդունած ոստիկանը չի փորձել մանրամասնել հաղորդումը կամ, միգուցե փորձել է, բայց դա նրան չի հաջողվել: Նույն հաջողությամբ կարելի է հաղորդում տալ յուրաքանչյուր անձի վերաբերյալ, մեղադրելով նրան ցանկացած անհեթեթ հանցանքի մեջ, օրինակ՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մեջ: Այդ հաղորդման տեքստը համոզեց ինձ, որ մեր նախնական ենթադրությունը և պնդումը, որ այս ամենը ունի մեկ նպատակ՝ լռեցնել Ն.Մալյանին, իրականություն է: Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը, իսկ խնդիրը իր օգտին լուծելու փորձ է կատարում՝ ոստիկանությանը բովանդակազուրկ հաղորդում ներկայացնելով: Էլ չեմ խոսում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի մասին»:
Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞վ ա մեղավոր, եթե օրենքը խախտվում ա (օրինակ՝ Մայրապետյանի գործով)։ Կոնկրետ պատգամավորի (Ն․ Բաղդասարյան) կարծիքով՝ նա, ով օրենքը ԸՆԴՈՒՆԵԼ ա, այլ ոչ թե նա, ով օրենքը ԽԱԽՏԵԼ ա։
Սրա արդյունքում հասարակությունը ստանում ա «մեսիջ», որ․ - ժողովուրդ ջան, կան լավ օրենքներ ու վատ («բոբո») օրենքներ, - ժողովուրդ ջան, մենք «տեր ենք», եթե նոր իշխանության ընդունած օրենքները խախտվեն, - բայց ժողովուրդ ջան, մենք «տեր չենք», եթե խախտվում են նախորդ իշխանության ընդունած «բոբո» օրենքները։
Այսինքն, եթե կա մի «բոբո» օրենք, որն ընդունվել ա նախկինների օրոք, բայց խախտվում ա ներկաների օրոք, ապա ներկաները դրա հետ «բացարձակ կապ չունեն»։
Արդյունքում առաջանում են «քոմենթչիներ», ովքեր․ - կասկածելի են համարում ՄԻԵԴ-ի կողմից «արագ» որոշման ընդունումը, - ՄԻԵԴ-ի որոշումը համարում են խոչընդոտ մեր դատական համակարգի անկախության համար, - գտնում են, որ իշխանությունները «ստիպված» միջամտում են դատական գործերին, քանի որ կեղտոտ ՄԻԵԴ-ը իշխանություններին այլ ելք չի թողնում»։
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իհարկե հասարակությանը հուզող հարցերին Վարչապետի ուղիղ եթերում անդրադառնալը շատ լավ է, որովհետև հասկանալի է դառնում այս կամ այն խնդրի լուծման վերաբերյալ նախարարների ընտրած մոտեցումների աղբյուրը, բայց ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ որևէ խնդիր լուծվում է ճիշտ այնպես, ինչպես Վարչապետն է պատկերացնում, որը ձևավորվում է կառավարության պատերի ներսում, իսկ հասարակական կարծիքը լինում է ուշացած, ուղղակի լայվով Վարչապետը դրանց հակադարձում է, տալիս իր հիմնավորումը, նաև ասում է, որ կլինեն նաև հասարակական քննարկումներ, չնայած ինքն արդեն համոզված է այդ փոփոխությունների անհրաժեշտության մեջ։ Գուցե և այդպես է, բայց ուզում եմ նկատել, որ Վարչապետը դեռ չունի նոր ձևավորված Հանրային խորհրդի կարծիքը։ 2015թ․ ընդունված Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհուրդը սահմանվել է որպես կառավարության խորհրդակցական մարմին, ուժի մեջ է մտել <Հանրային խորհրդի մասին> ՀՀ օրենքը, որի 2-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է․<հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը։> Սակայն Կառավարության կառուցվածքի վերաբերյալ Հանրային խորհուրդը դեռևս իր կարծիքը չի արտահայտել, որովհետև այն դեռ չկա, այնինչ արդեն հասկանալի է դառնում, որ Վարչապետն իր որոշումը կայացրել է։ Իհարկե հիշում ենք, որ այս խնդրի մասին կառավարություն ձևավորած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, նշանակում է այդ ծրագիրն արդեն առկա էր և անհրաժեշտ հանրային քննարկումները կարող էին սկսվել մի քանի ամիս առաջ ու համապատասխան օրենքի նախագիծն արդեն դրված լիներ շրջանառության մեջ և այս անորոշ վիճակը կարող էր կանխվել։ Իհարկե մեր ժողովրդի 70%-ի քվեն վայելող կառավարությունն, ի դեմս Վարչապետի կարող է ասել, թե մեզ վստահել եք, բայց այդ վստահությունն ամրագրելու համար պետք է հասարակության ձայնը մշտապես լսելի ու հասանելի լինի։ Որքան շատ մարդ համոզված լինի նրանում, ինչ առաջարկում է ՀՀ կառավարությունն ու Վարչապետը, այնքան երկրում մթնոլորտը խաղաղ կլինի, որի մասին երազում ենք»։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:
Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա:
Կոռուպցիա միշտ եղել է, կա և կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել:
Կոռուպցիան ինչպիս հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական և գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչև այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի "խաղի կանոնների" մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի: Այսինքն այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպեդ հիմա է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը