17 01 2019

Գաղտնալսման դեպքը չենք մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրադատարաններից. Էդմոն Մարուքյան



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ քննադատեց իշխանություններին երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի համար:

«Ուզում եմ ելույթս անվանել «Մարդու իրավունքները՝ հետհեղափոխական Հայաստանում». երկրում մի իրավիճակ է, որ բոլորը հպարտ են ու ուրախ, որ երկրում հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց մարդու իրավունքների հարցում խնդիրներ ունենք, և ոնց որ թե, խոսողներ չկան, և այն մարմիններն ու ինստիտուտները, որոնք կոչված են, որ խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ ձևաչափերով իրենց վրա ուղղված հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել՝ չենք լռել, չենք էլ լռելու, բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքները այնքան էլ լավ չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը «շնորհավորեց» իշխանություններին ՄԻԵԴ-ում կոմունիկացված առաջին գործի կապակցությամբ.

«ՄԻԵԴ-ում ձեր դեմ գործ կա՝ փնթի արված նախաքննության մասով. տպավորություն կա, որ գաղտնալսման դեպքն անցավ գնաց: Ուրեմն իմացեք՝ չի մարսվել, մեր պետությունը չի մարսել, դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված, սակայն կարծես թե «ձեն-ձուն չկա, և որևէ մեկի մոտ հարցեր չեն առաջացել այս ընթացքում»:

«Հասել ենք նրանք, որ դատավորները խուսափեն քրեական գործեր քննելուց, գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպում տա, որ դատարանները պետք է լինեն անկախ, փաստաբանները՝ պաշտպանված, դրանք կոկրետ գործողությունների տեսքով պետք է լինեն: Էդ որ շատ ուրախացել ենք, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ գործեր կան հարուցված, կարո՞ղ է էնքան անենք, փաստաբանները հրաժարվեն պաշտպանել, ու մարդիկ գործերը չսկած կրեն եվրոպական դատարաններում»,-մանրամասնեց Մարուքյանը:

Այնուհետև լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն անդրադարձավ գաղտնալսման գործով Եվրադատարանից ակնկալիքին․ «Ամբողջ գործերը, որ քննվում են, փաստաբանները դիսկեր են ուղարկում Եվրոպական դատարան։ Պետք է սպասել վատ բաներ՝ Հայաստանի պարտություն եվրոպական դատարանում»։ Դրանից, ըստ Մարուքյանի, կբխի քրեական գործերի, վճիռների վերանայում։ «Այս ամեն ինչի պատճառով, ու այն պատճառով, որ բաց-հրապարակային քննություն չկա, թե ով ում զանգեց ու ինչի համար, վաղը-մյուս օրը մեր պետությունն է պատասխան տալու»,- հավելեց Էդմոն մարուքյանը՝ անհրաժեշտ համարելով, որ հարցերը բարձրաձայնվեն և թերությունները շտկվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ