Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունվարի 16-ին վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Դատարանը քննում է ներկայացված երկու միջնորդություն․ առաջինը Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունն է, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է երկարացվի ևս երկու ամսով, մյուսը՝ փաստաբանների ներկայացրած միջնորդությունն է՝ Ռոբետր Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում գրավի միջնորդությունն ըստ էության չի քննվել և այն դառնում է առարկայազուրկ, քանի որ եթե դատարանը բավարարեց ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը, ապա գրավի կիրառումն առանձին քննարկելը դառնում է անիմաստ։
Նա նաև տեղեկացրեց, որ երրորդ դիմումը, որը պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան, արդեն մշակման փուլում է, ամեն ինչ նաև կախված է դատական այս գործընթացից, որից հետո հնարավոր է դիմումի մեջ ներառվի նաև 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը