«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախքան ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում խոսեց իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր դառնալու մասին։
Պատասխանելով հարցին՝ ո՞վ է հիմա զբաղվելու իր անվտանգությամբ, եթե անվտանգության պետն արդեն խորհրդարանական է, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Արդեն վաղուց Բաբայան Էդիկը ոչ թե իմ անվտանգության պետն է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականն է։ Իմ անվտանգության պետն Արամ Սարգսյանն է»։
Ծառուկյան համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ինքն է Էդուարդ Բաբայանին բերել օրենսդիր մարմին: «Նրան ես չեմ բերել, ժողովուրդն է բերել նրան, որն ամենից շատ ձայնն է ստացել»,- ընդգծեց նա։
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ստացել է 7472 ձայն: Նա ԲՀԿ-ից ռեյտինգայինով ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է:
ԲՀԿ նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործին։ Պատասխանելով հարցին, որ ԲՀԿ անունը կապվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ: «Տեսաք, որ մենք ստորագրություն էլ չենք տվել, ասում, խոսում են, մարդու վրա ասել, կապել, խոսելով չի կարելի: Քոչարյանի կալանավորումը հիմնական քննչական մարմիններում ա, կան քննիչներ, դատավարություն»։
Նա հավաստիացրեց, որ ինչպես մտածում է, այնպես էլ ասում է՝ ցանկացած մարդ օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու:
Հարցին՝ նա քաղբանտարկյա՞լ է, Ծառուկյանը հարցով պատասխանեց. «Դատավորն ասել ա՝ քաղբանտարկյալ ա՞»:
Անդրադառնալով այն հարցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է, չի՞ փորձել այնպես անել, որ Բելառուսի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններում կոռեկտ լինի, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ինքը շատ կոռեկտ է։ Իր վերաբերմունքը, հարգանքը դուք տեսնում ենք։ Նա սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, գա, հանդիպի վարչապետի և ձեր հետ ու ձեզ հուզող հարցերին պատասխանի։ Ինքը պատրաստ է գալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը