Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում չկան զարգացած կուսակցություններ, կուսակցական համակարգը մեր երկրում կոլապսի մեջ է:
«Եկեք իրերն իրենց անունով կոչենք. խորհրդարանական երկրում չկան զարգացած քաղաքական կուսակցություններ: Շատ հաճախ ասում են՝ հայկական խորհրդարանում կամ հայկական քաղաքական իրականության մեջ ընդդիմություն չկա: Բայց խնդիրն ավելի խորն է. Հայաստանում իշխող կուսակցություն նույնպես չկա: «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս ուժեղ ձևավորված կուսակցություն չէ՝ ինտելեկտուալ, գաղափարական, մարդկային, ֆինանսական, մեդիառեսուրսներով: Եվ չի կարելի ասել, որ ընդդիմադիր կուսակցություններ նույնպես ունենք: Իսկ դա խնդիր է: Դա էլ պիտի տեղի ունենա 2019 թվականին»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է, որ գործող իշխանությունը լայն աջակցություն ունի, բայց դա նշում է մեկ վերապահումով. «Եկեք խոստովանենք, որ դա գրեթե բացառապես անձին աջակցություն է՝ Նիկոլ Փաշինյանի անձին: Մարդիկ, ովքեր հիմա խորհրդարանում են, նրանց գերակշռող մասն առաջին անգամ է խորհրդարանում, սրանից առաջ հասարակությունը նրանց չգիտեր, այդ իմաստով խորհրդարանը դեռ պետք է ներկայացուցչական մարմին դառնա»:
Իսկանդարյանը նշեց՝ թեև սահմանին իրավիճակը հանգիստ է, սակայն Արցախյան հիմնահարցի առումով իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Նրա խոսքով` բանակցային գործընթացում իրավիճակը բարդ է, քանի որ ներկայիս իրադրությունն այնքան էլ Ադրբեջանի սրտով չէ:
«Ասել` իրավիճակը հանգիստ է, ճիշտ չի լինի, և խոսքն ամենևին էլ սահմանին իրավիճակի մասին չէ: Արցախյան հիմնահարցի հետ կապված առկա ռիսկերը պահպանվում են, թեև չեմ կարծում, որ մեծ պատերազմի ռիսկեր են, էսկալացիայի ռիսկերն են մնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը բավարարված չէ այն իրավիճակով, որն ունենք»,- ասաց Իսկանդարյանը:
Նա հավելեց, որ, ճիշտ է, սահմանին իրավիճակը հանգիստ է, բայց հանգիստ իրավիճակը ռիսկեր է պարունակում:
Արտաքին քաղաքականության առումով ներկայիս իշխանությունը պահպանում է մինչ այդ Հայաստանի վարած քաղաքականությունը, և այս հարցում ցնցումներ չեն լինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը