11 01 2019

Սահմանային պատի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն կհայտարարվի

Սահմանային պատի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն կհայտարարվի

Սպիտակ տունը նախապատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարելուն։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ նշելով, որ պատճառը Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման հարցով նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների անհամաձայնությունն է:

Միացյալ Նահանգների կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Թրամփը 5,7 մլրդ դոլար է պահանջել Կոնգրեսից պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են: 

«Եթե մենք Կոնգրեսում համաձայնության չգանք, ամենայն հավանականությամբ, ես արտակարգ դրություն կհայտարարեմ, և ասեմ, որ ես դա կանեմ: Չեմ կարող գեթ մի պատճառ գտնել, որի համար չպետք է նման բան  անեմ, ես դրա իրավունքն ունեմ: Օրենքը 100%-ով իմ կողմից է»,- Fox News-ի եթերում հայտարարել է Թրամփը:

NBC News-ը նաև հաղորդել է, որ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը նա կարող է վերցնել չօգտագործված ֆինանսներից, որոնք նախատեսված են երկրում քաղաքացիական ինժեներական աշխատանքների իրականացման համար: ԱՄՆ նախագահին այս մասին Պենտագոնի պաշտոնյաները պատմել են ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշվում է, Թրամփը կարող է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի համար նախատեսված ֆոնդի մի մասը, այն կազմում է 13.9 միլիարդ դոլար: Այս գումարը նախատեսված է նաև տարերային աղետներից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ