Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլ Փաշինյանն անցած գրեթե ամբողջ շաբաթն անցկացրեց ԱՄՆ-ում: Այցի պաշտոնական պատճառն էր մասնակցությունը Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, որի ընթացքում նա ելույթ ունեցավ և պատասխանեց մոդերատորի հարցերին:
Սկսած 2021 թվականից, ամեն տարի Վաշինգտոնում տեղի է ունենում Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովը (IRF Summit)՝ միջազգային իրադարձություն, որը նվիրված է կրոնական իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրներին: Հատկանշական է, որ ուսումնասիրելով գագաթնաժողովի բանախոսների ցանկը (որի մեջ ընդգրկված են դերասան, Վիետնամի քաղաքական և կրոնական բանտարկյալների ընկերակցության առաջնորդը, դերասան և մարդու իրավունքների պաշտպան և այլն), պարզ է դառնում, որ Փաշինյանի կարգավիճակին համարժեք բանախոսներ գագաթնաժողովում չկային:
Ի սկզբանե հասկանալի էր, որ գագաթնաժողովը միայն պատրվակ է ԱՄՆմեկնելու համար: Փաշինյանին անհրաժեշտ էին հանդիպումներ նոր նախագահական վարչակազմի առավել մեծ թվով ներկայացուցիչների հետ: Կարևոր է ընդգծել, որ, ըստ օրենքի, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը սահմանում է նախագահը և իրականացնում պետական դեպարտամենտը՝ պետական քարտուղարի գլխավորությամբ: Հենց այս գործիչների հետ պետք է հանդիպեր Փաշինյանը, որպեսզի պարզեր, թե որոնք են Թրամփի առաջնահերթությունները Հարավային Կովկասում: Սակայն և Մարկ Ռուբիոն, և Դոնալդ Թրամփը «ժամանակավորապես անհասանելի էին»: Վարչակազմի միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ Փաշինյանին հաջողվել է հանդիպել, եղել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը:
Վենսը ոչ միայն չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունն, այլև, ընդհանուր առմամբ, փոխնախագահի հիմնական սահմանադրական գործառույթն այն է, որ նա փոխարինում է ԱՄՆ նախագահին, եթե նա մահանա կամ պաշոտնից հրաժարվի։
Խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև, դատելով ՌԴ ԱԳՆ հայտարարություններից (Փաշինյանին ամենահավատարիմ կառույցը ՌԴ-ում), խնդիրներն ավելի են շատանում, և «աշխարհաքաղաքական մանևրի տարածքը» փոքրանում է:
Այսպես, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիայի» հետ հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունն արդեն պահանջում է Հայաստանից քաղաքական հավատարմություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ փոխարենը ոչինչ չխոստանալով: ԱԳՆ փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվան Երևանի համար հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը:
Հայաստանը գնալով ավելի է մոտենում մի իրավիճակի, երբ ստիպված կլինի պատասխանել մարտահրավերների մի ամբողջ շարքին, ներառյալ անվտանգության ոլորտում: Կարևոր է սակայն, որ բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են Փաշինյանի անձնական որոշմամբ՝ ոչ միայն Արցախը զիջելու, այլ դա անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու համար: Արցախը հանձնվել է, բայց խնդիրները լուծված չեն։
Մտածե՛ք այդ մասին․․․»։