11 01 2019

Փայլանին կրկին փորձում են զրկել անձեռնմխելիությունից

Փայլանին կրկին փորձում են զրկել անձեռնմխելիությունից

Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ուղարկել Թուրքիայի խորհրդարան Ժողովրդադեմոկրատական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ նրա դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով սկսված հետաքննության հետ կապված: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։

Ինչպես նշվում է, Փայլանի դեմ հետաքննություն սկսելու համար դատախազությունն ստացել է երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը:

Հետաքննությունը պայմանավորված է 2018-ի հուլիսին Փայլանի արած հայտարարությամբ այն մասին, որ Դիարբեքիրը, որտեղ ամեն անկյունում կարելի է ջրցան մեքենաներ և զրահատեխնիկա տեսնել, հիշեցնում է «Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»: Միևնույն ժամանակ Դիարբեքիրի իշխանությունները Փայլանի խոսքերը դիտարկել են որպես վիրավորանք թուրքական իշխանությունների հասցեին:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Փայլանը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը շարունակում է օգտագործել 301 հոդվածը որպես գործիք երկրում ընդդիմությանը ճնշելու համար: Տվյալ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրքական ժողովրդի կամ կառավարական ինստիտուտների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ