Երևանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են ընթանում Երևանի կենտրոնում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները քանդելու մասին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։
Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում. քաղաքապետարանը մտադիր է սրճարանների փոխարեն կանաչ գոտի ստեղծել։
Սրճարաններից մեկում գործակալության հետ զրույցում ասել են, որ քաղաքապետարանի գործողություններն անհեթեթ են, և սխալ է մի որոշումով քանդել զարգացող բիզնեսը, որը ստեղծվել է երկար տարիների քրտնաջան աշխատանքով։ Մեկ այլ ռեստորանում չեն զարմացել, երբ լսել են քաղաքապետարանի քննարկումների մասին։ Նրանք խոստովանել են, որ իրենք էլ են այդ լուրը լսել սեփական աղբյուրներից և պատրաստ են պայքարել այդ որոշման դեմ, եթե ընդունվի։
Մեկ այլ հաստատության տնօրեն Արսեն Մանուկյանը նշել է, որ քաղաքային իշխանությունն իրավունք ունի պարտադրելու հաստատություններին դադարեցնել աշխատանքը, բայց եթե փոխհատուցում տան սեփականատերերին։
Եթե քաղաքապետարանը որոշի քանդել սրճարանը, ինչի իրավունքն ունի, քանի որ տարածքի սեփականատերն է, ապա պարտավոր է փոխհատուցում վճարել նաև Մանուկյանին։ «90 աշխատող ունեմ։ Ինչպե՞ս են նրանք փոխհատուցելու այդ ամենը` անհասկանալի է։ Ենթադրենք` քանդեն, կանաչապատ տարածք սարքեն, բայց չէ՞ որ իրենց հաշվեկշռի վրա առանց այդ էլ բազմաթիվ այգիներ կան, որոնք տեսնում ենք, թե ինչ վիճակում են։ Ստացվում է` արտասահմանյան ներդրողը ներդրող է, տեղականը` ո՞չ», – վրդովվել է Մանուկյանը։
Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե նման որոշում ընդունվի, Մանուկյանը կատակել է. «Կփակենք փողոցները, «դըմփ–դըմփ–հու» կգոռանք և կտեսնենք, թե ինչ կլինի հետո»։
Իսկ եթե լուրջ, ապա նա չի պատկերացնում, թե ինչպես քաղաքապետարանը կարող է նման որոշում ընդունել ոչ միայն երկար տարիներ իրականացվող բիզնես նախագծի, այլև քաղաքի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ վայելող ժամանցային վայրի վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և լավ ծանրութեթև անեն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը