ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել համազգային ուղերձով՝ հայտարարելով, որ երկրի հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, հայտնում է The Guardian-ը:
Նախագահը ևս մեկ անգամ դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը: Նա կոչ է արել դեմոկրատներին վերջ տալ անմեղ ամերիկացիների կյանքի վրա բացասաբար ազդող քաղաքական խաղերին, ինչպես նաև թույլ չտալ «սրտի ու հոգու ճգնաժամի» բարդացում: «Դեռ որքա՞ն ամերիկացիների արյուն պետք է թափվի, որ Կոնգրեսն իր գործին անցնի»,- հարց է հղել նախագահը՝ նկատի ունենալով ներգաղթյալ հանցագործների կողմից սպանված ամերիկացիներին:
Նրա պնդմամբ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում ապօրինի ներգաղթյալները հազարավոր ամերիկացիների են սպանել: Թրամփն ընդգծել է, որ սահմանային անվտանգության ճգնաժամի հետևանքով թմրանյութի ներկրման, մարդկային թրաֆիքինգի մակարդակի աճ է նկատվել, ինչն անմիջական սպառնալիքի տակ է դնում ամերիկացիների կյանքը:
«Այս ուղերձն անհրաժեշտ է, քանի որ մեր հարավային սահմանին աճում է մարդասիրական ու անվտանգության ապահովման հետ կապված ճգնաժամը: Այն հաղթահարելու համար հարկավոր է պատ կառուցել, ինչի համար Կոնգրեսից 5,7 մլրդ դոլար եմ պահանջել: Վստահ եմ, որ պատի կառուցման համար ծախսված գումարն արագ ետ կվերադառնա՝ մասամբ նաև Մեքսիկայի հետ կնքված նոր առևտրային գործարքի շնորհիվ»,- ասել է Թրամփը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը