2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասված է.
«Հարկ է նշել, որ Ռազմավարության նախագծի շուրջ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբերին: Մասնավորապես, Ռազմավարության տեսլականը նախանշելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն միջոցառումների և ուղղությունների տեսքով առաջարկություններ: Միաժամանակ, վերոնշյալ նպատակով շահագրգիռ կազմակերպությունները հրավիրվել էին նաև Արդարադատության նախարարություն: 2018 թվականի ընթացքում նախարարությունը երեք անգամ դիմել է ոլորտի հասարակական կազմակերպություններին՝ խնդրելով ներկայացնել նոր ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկությունները, ռազմավարության տեքստային մասում ներառելու նպատակով գործող ռազմավարության վերաբերյալ իրենց գնահատականները, ինչպես նաև հասարակության շրջանում իրականացված կոռուպցիայի հետ կապված հարցումները:
Հատկանշական է, որ առաջարկություններ ներկայացրել են սակավաթիվ կազմակերպություններ: Հաշվի առնելով 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նոր կառավարության ձևավորումը և կոռուպցիայի նկատմամբ դրսևորած բացահայտ անհանդուրժողականությունը՝ ռազմավարության մշակման աշխատանքներն ակտիվորեն վերսկսվել են 2018 թվականի աշնանը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ին նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ մեկնարկել է Ռազմավարության վերաբերյալ քննարկումների շարքը: Դեկտեմբերի 19-ին նախնական տարբերակը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոալիցիայի և այլ հրավիրված ՀԿ-ների քննարկմանը:
Ընդ որում, առաջին անգամ նախագիծը ՀԿ-ների քննարկմանն է ներկայացվել աշխատանքային փաստաթղթի տեսքով՝ մինչև պաշտոնական շրջանառությունը: Նույն օրը նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am կայքում: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ քննարկման դրված նախագիծը հիմնականում պարունակում է ՀՀ միջազգային պարտավորություններից բխող, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված միջոցառումներ:
Միաժամանակ, հաշվի առնելով հակակոռուպցիոն ռազմավարության կարևորությունը և առանձնահատկությունը՝ հանրային քննարկման է ներկայացվել նախագծի աշխատանքային տարբերակը, քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակելու և ևս մեկ անգամ լրամշակված նախագիծը քաղաքացիական հասարակության դատին ներկայացնելու ակնկալիքով: Զուգահեռաբար, հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել և ներկայումս քննարկվում է ռազմավարության ընդունումը հետաձգել մինչև ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության նոր ծրագրի ընդունումը:
Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունվարից մեկնարկելու է մարզային քննարկումների շարքը: ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և հասարակական կազմակերպություններին առկայության դեպքում սահմանված կառուցակարգերի շրջանակներում ներկայացնել իրենց կառուցողական առաջարկները: Միաժամանակ հավաստիացնում ենք, որ Ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը