Համացանցում տեսանյութ է տարածվել, որում տեսնում ենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին հայտնվել է «Ազատություն նախագահին» գրությամբ հսկայական մի պաստառ։
Արտաքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ գերատեսչությունը այդ գրառման հետ առնչություն չունի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ գործը քննող ՀՔԾ քննիչն է խնդրել հետաձգել նիստը, քանի որ ունի անձնական գործեր և աշխատանքային ժամից դուրս չի կարող մասնակցել նիստերին:
«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում: Բոլորս էլ ունենք անձնական գործեր՝ նոր տարի է առևտուր պետք է անել և այլն: Ըստ էության, նիստ որպես այդպիսին տեղի չունեցավ, քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու՝ արդյո՞ք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել»,- ներկայացրեց փաստաբանը՝ ընդգծելով, որ գնում է նիստի արհեստական ձգձգման գործընթաց, այնինչ միջնորդությունները պետք է քննվեն հրատապ և անհապաղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը