Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման և պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ:
Շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով պարգևների և պատվավոր կոչումների արժանացած անձանց՝ նախագահ Արմեն Սարգսյանը նկատել է, որ նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարելիս երբեք չի մտածում գնահատականի մասին, բայց պետության պարտականությունն է տեսնել ու գնահատել իր լավագույն զավակներին: «Ձեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հայրենանվեր գործունեության սկզբում է և դեռ շատ անելիքներ ունեք: Ձեզնից շատ սպասելիքներ կան»,-նշել է նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը