ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը 2019-ին կշարունակի լինել Ադրբեջանի գլխավոր խնդիրը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, գրում է Trend-ը:
«Հիմնական նպատակն է զգալի արդյունքների հասնելը: Դա ոչ միայն իմ երազանքն է, ես կարծում եմ, դա յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է: Կարծում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ ինչ-որ փոխըմբռնման հասանք»,- ասել է նա:
Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա իր հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ: «Մենք կքննարկենք հակամարտության լուծման ուղիները: Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է նա:
«Մեր դիվանագիտության կարևորագույն խնդիրներից է մնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային վերջ դնելը, օկուպացված տարածքների ազատագրումն ու իրենց բնակավայրեր հարկադրաբար տեղահանվածների վերադարձը»,- ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը