26 12 2018

Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը. ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը. ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ.

«Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները, գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով, հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և  հանձնառու բոլոր կողմերի համար իրապես ընդունելի հանգուցալուծում գտնել»,- նշել ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել, ինչպես նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ