Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ աշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որում նա հույս էր հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան Միացյալ Նահանգների շանտաժին ու ճնշմանը դիմագրավելու համար»:
Ավանդական ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ցանկացած շանտաժ, որն ուղղված է իր ճանապարհի ձևավորման փուլում գտնվող երկրի դեմ, անընդունելի է:
Հիշեցնենք, որ Կարասինն անդրադարձել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին: Նա նշել էր, որ Հայաստանում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում, և որ Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի՝ հիմնվելով ազգային շահերի վրա։ «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի միայն պատկերացնել` ինչ է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը:
Զախարովայի մեկնաբանությունը կարող եք դիտել տեսանյութի 44:16 րոպեից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը