Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը գրում է․
«Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է քննարկվի հասարակության հետ, և հասարակությունն է լինելու որոշողը»: Հետո Փաշինյանը հայտարարեց, որ «Ալիևը կիրթ անձնավորության տպավորություն է թողել», հետո ասաց, որ «վերելակում «հրադադար» են պայմանավորվել»: Վերջերս Փաշինյանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ «իշխանափոխությունից հետո իրենց կառավարությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր տարբերակ է առաջարկել, և այն քննարկում են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի հետ»: Իսկ արդեն երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ բացառիկ փոխըմբռնման են հասել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և արդեն հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կքննարկեն խաղաղ կարգավորումը»:
Ուրեմն՝ վերոնշյալ պաշտոնական հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կատարել է հետևյալ քայլերը․ - Հրապարակային վիրավորել է Արցախի ղեկավարությանն ու մարտական գեներալներին, - Սասուն Միքայելյանի բերանով հայտարարել և հետո փոխարտգործնախարարի միջոցով հիմնավորել է, որ ««թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր նշանակություն ունի, քան Արցախյան հերոսամարտը», - Պաշտոնից հեռացրել է Լևոն Մնացականյանին և Օգանովսկուն, որոնք ադրբեջանցիների ահն ու սարսափն էին, - Իրեն խորհրդական է նշանակել Ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկին, - Ցանկանում է պաշտոնից հեռացնել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Իլհամն էլ իր «դաշնակցին» զուգահեռ կատարել է հետևյալ գործողությունները. - Արցախի հետ ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կառուցել է հարձակվողական նշանակության «աշտարակներ», - Նախիջևանի սահմանում կրճատել է միջդիրքային տարածությունը, - Ողջունել է Փաշինյանի կողմից Արցախում կատարվող հակապետական գործողությունները, - «Վերջին տարիների ընթացքում բացառիկ փոխըմբռնման է եկել Հայաստանի հետ» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
ՀԳ. Հիմա էս չոր փաստերը համադրեք ու երկու բան հիշեք`
1) Փաշինյանն ասում էր, որ ցանկացած կարգավորման տարբերակ պետք է «քննարկի» ժողովրդի հետ, բայց Մամեդյարովը գաղտնազերծեց իրականությունը,
2) Փաշինյանը բազմիցս ասել է, որ «մեզ մոտ փոխզիջման մասին խոսելուց առաջ հարցրեք Ադրբեջանին՝ ինքն ի՞նչ է պատրաստ զիջել, իսկ Ադրբեջանն այս պահին ոչինչ պատրաստ չէ զիջել»։ Դե հիմա հասկացեք, թե ինչ «փոխըմբռնման մասին է խոսում Մամեդյարովը:
ՀԳ.2 Արցախում թեկուզ մի սմ հողի կորուստը Նիկոլի ու իր թիմի համար ավելին է արժենալու, քան իշխանության կորուստը: Վենդետա լինելու ա»։
Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Հիմա, երբ ադրբեջանական ղեկավարությունն ասում է, թե գոհ է ՀՀ-ի հետ բանակցություններից, ի՞նչ հասկանալ դրա տակ...
- հասկանալ, որ ԱԳՆ մակարդակով բանակցային հանդիպումներն ինչ-որ բաղադրիչների մասով համապատասխանում են իրենց շահերին,
- հասկանալ, որ սա մեսիջ է՝ ուղղված սեփական ժողովրդին, իբրև մենք մեր շահերի հիմքով ենք բանակցում ու հաջողում ենք,
- հասկանալ, որ նա մեսիջ է հղում մեր մեդիա և հանրային դաշտին՝ ֆիքսելով, որ իբրև նորերը «պարտվողական» դիրքերից են հանդես գալիս՝ դրանով իսկ վնասելով նորերի հեղինակությանը ներսում,
- ուզում է ցույց տալ, որ ՀՀ-ի նախկինների հետ բանակցել հնարավոր չէր, այսինքն՝ այսքան տարի հայկական կողմն է ձախողել բանակցությունները, իսկ այ նորերն ավելի կառուցողական են։
Ի դեպ, անտեղյակների համար. Ադրբեջանի ռազմավարական դիքրորոշումը ԼՂ հարցում ենթադրում է Արցախի ամենաբարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, իսկ միջնաժամկետ կտրվածքով այդ շահերը ենթադրում են «անվտանգության գոտի» ասածի մի մասի կամ միգուցե ամբողջի վերադարձ ռազմական գործողությունները չսկսելու դիմաց։
Եվ այս ամենը ՀՀ-ի շուրջ ձևավորված բարդագույն արտաքին քաղաքական կոնյուկտուրայում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում մեր նկատմամբ վերաբերմունքը, Լավրովի հայտարարությունները՝ կապված «ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի անկեղծ դիրքորոշման», ՀՀ իշխանություններ - Արցախի ՊԲ կադրային փոփոխությունների և մի շարք այլ գործոնների հետ...»։
Տիգրան Արեգունին գրում է․ «Ժող ջան մի շատ մտահոգիչ հարց եմ ուզում առաջ քաշեմ ու ցանկալի է, որպեսզի տարբեր հարթակներում այս թեմայով քննարկումներ ծավալվեն։
Բոլորս էլ նկատել ենք Հայաստանում հնդիկների, ֆիլիպինցիների և այլ օտար երկրների քաղաքացիների ավելացումը։ Ու նրանք տուրիստներ չեն այլ էժան աշխատուժ։
Խնդրի վերաբերյալ առաջ են գալիս մտահոգվելու մի քանի ուղղություններ։
1․ Աշխատատեղերի։ Հայաստանի գործազրկության նման մակարդակի պարագայում պետք է այնպիսի օրենսդրություն ձևավորել, որը չի խրախուսի այլ երկրներից էժան աշխատուժի ներգրավումը։
2․ Թրաֆիկինգի խնդիրը։ Լավ կլինի իրավապահ մարմինները և լրագրողները հետաքննություն անցկացնեն այս թեմայով և հասկանան, որքանո՞վ է օրինական վերոնշխալ աշխատուժի օգտագործումը, ի՞նչ պայմաններում են ապրում այդ մարդիկ, որքանո՞վ է նրանց ներկայությունը բարձրացնում հետագայում հանցագործությունների աճի հավանականությունը և այլն։
3․ Դեմոգրաֆիական խնդիրը։ Օտարերկրյա աշխատուժի ներկայացուցիչները հիմանակնում արական սեռի են, ինչը ժամանակի ընթացքում, նրանց հիմնավորման դեպքում, կհանգեցնի լուրջ դեմոգրաֆիական խնդիրների։
4․ Եվրոպայի դառը օրինակը։ Բոլորս էլ տեսնում ենք, թե միգրացիան ինչ լուրջ խնդիր է դարձել Եվրոպայի համար։ Կարո՞ղ ենք արդյոք մենք նման խնդրի առաջ կանգնելու դեպքում դուրս գալ դրա տակից։
Այս և թեմային վերաբերվող այլ հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները։ Լավ կլիներ քննարկումները կառուցողական և գործնական հունով ընթանան և ծավալվեն ոչ միայն հանրային սեկտորում այլև կառավարությունում, իրավապահ մարմիններում, նորընտիր Ազգային Ժողովում և այլ պատկան մարմիններում։
Առաջ է գալիս նաև ազգային անվտանգության խնդիր, որի համար էլ նշում եմ Armen Grigoryan-ին»։
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:
Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:
Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կա՛մ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կա՛մ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:
Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:
Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը