168․am-ը գրում է․ «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում հորդորեց լուրջ չընդունել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում ուղղակի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ տարիներ շարունակվող ինտրիգները, Ադրբեջանին բացահայտ պաշտպանելու փորձերը և այլն, հաջողվում էր Բելառուսին և Ղազախստանին, իսկ Սերժ Սարգսյանը լռում էր. «Այժմ փոխվել է ՀՀ իշխանությունը, և նման փորձերի առաջին իսկ շարունակության ժամանակ միանգամից տեսան, որ ամբողջը ջուրը լցվեց, իրենք ոչ մի բան են, և Փաշինյանն այնտեղ խնդիրները լրջացրեց։
Հիմա Լուկաշենկոն ինչ-որ հայտարարություններ է անում, փորձում է ծաղրել, Ադրբեջանին ասում է՝ Սարգսյանին սա է ասել, սա է արել, համոզել է, բայց ոչ մի լուրջ բան չկա։ Այս տարիների ընթացքում ինտրիգների փչած փուչիկը պայթել է, և էական բան էլ չի ասում, արդարացնում է իրեն, ուրիշներին է մեղավոր հանում։ Կարելի է արհամարհել, ծաղրուծանակի առարկա է, լուրջ քաղաքականություն չկա դրա մեջ»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Լուկաշենկոյին պետք է լուրջ ընդունել այնքանով, որ Բելառուսն Ադրբեջանին շատ վտանգավոր զենք է վաճառում՝ «Պոլոնեզը», Հայաստանի շահերին հակասող քայլեր է անում, Ադրբեջանի շահերն է ներկայացնում ՀԱՊԿ-ում. «Սա բավարար հիմք է, որպեսզի նրա հայտարարություններին լուրջ վերաբերվենք»։
Ղարաբաղի հարցում միջամտելու փորձերը, ըստ Ս. Դանիելյանի, Ադրբեջանի հետ սեփական շահն առաջ տանելու ու ֆինանսատնտեսական հարաբերությունների դիմաց վարձահատույց լինելու նպատակ ունեն.
«Լուկաշենկոն տարածքների հարցը լոբբինգ է արել, փորձել է դրանով վերադարձնել իր պարտքն Ալիևին, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ինձ համար անհասկանալի է ՀՀ քաղաքականությունը, կա՞ քաղաքականություն, թե՞ չկա քաղաքականություն, արդյոք Փաշինյանը ֆիքսե՞լ է՝ ո՞րն է Հայաստանի շահը, ՀԱՊԿ-ում ի՞նչ քաղաքականություն է վարելու, ո՞ւմ հետ է ընկերություն անելու, ո՞ւմ հետ է թշնամություն անելու, այդ հայտարարություններին ինչպե՞ս է պատասխանելու։ Մեզ պետք է այս հարցերն ավելի շատ հետաքրքրեն, բայց դրանց պատասխանները չկան, ու ոչ միայն մենք չունենք, այլև, ըստ երևույթին, նոր կառավարությունը»։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան պայքարի մեջտեղում. «Այսինքն՝ այդտեղ շահերի բախում կա, և Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ քաղաքականություն վարի, այսինքն՝ համեմատաբար ավելի փոքր երկրներն ինչ-որ պահանջներ ունեն Ռուսաստանից, ինչ-որ մտահոգություններ ունեն, և Հայաստանն էլ այստեղ երրորդ կողմ է հանդես գալիս, որը նոր երևույթ է։ Ու առաջին անգամ ՀԱՊԿ շրջանակներում մի երկրի նախագահ մի քանի պարբերություն է նվիրել Հայաստանին՝ որպես օպոնենտ, այսինքն՝ Հայաստանն իր կամքով կամ իր կամքից անկախ՝ ինչ-որ դերակատարություն է ստանձնել, և պետք է շարունակություն լինի, պետք է քաղաքականություն վարել, ինչը մենք չենք տեսնում»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը