17 12 2018

Վերացնել չեն կարող, իսկ այ փակել պատրաստ են մեծ սիրով․ Alternativ.am

Վերացնել չեն կարող, իսկ այ փակել պատրաստ են մեծ սիրով․ Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ «Այն, որ Հայաստանում արդարադատությունը երբեք չի եղել ամենաազատ իշխանությունը, փաստ է։ Բազում են այն դեպքերը, երբ անարդարացի որոշումներ են կայացվել՝ ինչ-որ մեկի կամ անձանց շահերը սպասարկելու համար։ Իրավիճակը եռման աստիճանին է հասել «նոր Հայաստանում», քանի որ արդարադատությունը դարձել է գործիք՝ հակապետական, նույնիսկ ազգային դավաճանության «նախագծերի» իրականացման համար։ Այո՛, խոսքը հենց «նախագծի» մասին է։

Ապրիլին մեկնարկած «քայլ արա»-ն ոչ այլ ինչ է, քան նախագիծ, որը երկար պլանավորվել ու իրականացվել է։ Ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով, իսկ ավելի ճիշտ՝ բարձրախոսում ձայնալարերի հզորությունը ցուցադրելով իշխանությունը «ստանձնած» ժողովուրդը նույնպես ակտիվորեն քննարկում է ու փորձում է հասկանալ, թե «ո՞ւմ պրոյեկտն» էր Նիկոլը։ Սա հասկանալու համար դեռ շատ քննարկումներ կլինեն։ Բայց պարզ է, որ ինչպես միշտ Երկիր մոլորակի վրայի այս մի փոքրիկ կետն աշխարհաքաղաքական բազում շահերի բախման կետ է։ Վերադառնալով նախագծին՝ պետք է ասել, որ Փաշինյանի կառավարությունն իր առաջին իսկ քայլերից սկսած ցուցադրել է, թե առաջին հերթին ում հետաքրքրություններն է բավարարում։

Բաժանիր, որ տիրես

Հայ հասարակության համար մշտապես հենասյուն հանդիսացած բանակը, որը բացի անվտանգության երաշխավորը լինելուց, նաև մեր հասարակության ամրության պատասխանատուն է, արդեն յոթ ամիս հետևողականորեն գրոհի է ենթարկվում՝ ամենատարբեր պատճառաբանություններով՝ «մայկա-տռուսիկ» չի տրվում (իսկ հիմա տրվո՞ւմ է), գեներալները վատն են՝ դիսցիպլինա են պահանջում (իսկ բանակն ինչպե՞ս պետք է զինվոր ձևավորի, հո սանատորիա չեն եկել), զինվորներն ազատ կապ պիտի ունենան (իսկ որևէ մեկը մտածո՞ւմ է գաղտնալսումների ու դրանցից առաջացած վտանգների մասին, ի դեպ, հենց սեփական զավակների անվտանգության մասին է խոսքը)։ Բանակի գեներալներին հանրային կերպով նվաստացնելուց հետո (ինչը մի շարք հետևանքների է հանգեցնելու, որոնց պտուղները մենք դեռ կճաշակենք, մասնավորապես, զինվորները կարող են հրամանատարությանը չենթարկվել՝ նրանց նկատմամբ հարգանք չունենալով) ժամանակն է ազատվել հիմնական «պրոբլեմից»։ Այսօր արդեն ամենաակտիվ պայքարն ուղղված է հայաստանցի-արցախցի հարթությունում։ Սա իհարկե նոր երևույթ չէ, սակայն այսչափ սրումն ակնհայտ կանխամտածվածության մասին է ստիպում մտածել։ 

Արցախը՝ կռվախնձոր

Դեռ 1988-ից արցախյան գոյամարտը մեր՝ կողք կողքի զարգացող երկու փոքրիկ պետությունները դարձրել են գերտերությունների հատուկ հետաքրքրության առարկա։ Ու եթե այստեղ ժամանակին Մետաքսի ճանապարհներն էին հատվում, ապա այսօր՝ բազում բացահայտ ու թաքնված շահեր։ Տարիներ ի վեր Արցախի հարցը լուծելու ուղիներ են փնտրել ինչպես Արևմուտքն ու Ռուսաստանը՝ ամենատարբեր փաստաթղթերի ու հանձնաժողովների ձևաչափերով, այնպես էլ Ադրբեջանը։ Եվ որքան պատմությունն ու կյանքը հեռացնում են իրականությունը պայքարի մեկնարկից (Արցախում 30 տարի առաջ ծնվածներն իրենք արդեն երեխաներ ունեն), այնքան ավելի ագրեսիվ ու ռազմատենչ է դառնում Ալիևների կլանը։ Կախված նրանից, թե երբ ում հետ հարաբերություններ է պետք լավացնել, այնպես էլ շարժվում է Իլհամ Հեյդարովիչը՝ պարբերաբար ներքաշելով նաև ավագ եղբորը՝ Թուրքիային։ Ու որքան էլ հայտարարությունները վերածվել են գործի, Արցախն ու Հայաստանը կանգուն են, իսկ տարբեր խմբերի բաժանված հայ հասարակությունն առաջին իսկ վտանգի դեպքում միավորվում է ու հակահարված տալիս։ Թերևս, թրքական եղբայրությունը վերջնականապես ձեռք քաշեր հայերին ծնկի բերելու իր մշտնջենական նախագծից։ Բայց կարծես աշխարհաքաղաքական մեծ խաղում ռևանշի հնարավորություն է նշմարվում։

Հանձնել՝ ցանկացած գնով

Թույլ ընտանիք, ծառայել չցանկացող զինվոր, ադրբեջանցիների հետ եղբայրության քարոզ, որը պարբերաբար «գովազդային դադար» է ունենում «տանք, պրծնենք, մենք էլ հանգիստ ապրենք» լոզունգով, կենցաղային հարցերի տակ օրեցօր ուժգնացող ճկվածությամբ հասարակություն, մեկը մյուսի հետևից չափալախներ միջազգային հանրությունից (Լուկաշենկոն ընդամենը ամփոփում է Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի հետ ձևավորված տխրահռչակ հարաբերությունները)․․․ մնում է միայն վերացնել հակազդեցության հավանական ցանկացած կենտրոն, ու ինչպես ռուսները կասեին․ «клиент готов»: Իսկ եթե այդ կենտրոնների հանդեպ կա նաև «личная неприязнь», առավել ևս՝ մեծ հետաքրքրություն նրանց ճանապարհից հեռացնելու մասով։

Իսկ կենտրոնները ովքեր են, պարզ է դառնում մեր երկրի վերջին ամիսների թերևս ամենաշառաչուն խայտառակություն գաղտնալսումներից։

Ուղղակիորեն վերացնել չեն կարող, տղերքը արյունից վախենում են, իսկ այ փակել պատրաստ եմ մեծ սիրով։ «Զանգովի» արդարադատությունը, բացի այն, որ պետականության հիմքերն է սասանում բոլոր պետություններում, Հայաստանի իրադրությունում վտանգներ ու վնասներ է հասցնում պետությանը յուրքանչյուր վայրկյան։ Արցախյան հակամարտության հարցում որևէ մակարդակի ազդեցություն ունեցող յուրաքանչյուրին «փակելով»՝ մենք հայրենիք կորցնելու իրական վտանգի առաջ ենք կանգնել։ Ու սա ասում եմ ոչ թե պաթոսով, այլ վերջին ամիսների ցաքուցրիվ գործողությունների փազլը հավաքելով։ Ամենատարբեր պատճառաբանություններով՝ գրեթե 100% դեպքերում «սարքովի» գործերով արցախյան հարցի կարգավորումն իրականություն դարձնող յուրքանչյուրին իզոլացնելու այսքան դեպքերը բերում-հանգեցնում են մի մտքի․ իսկ ի՞նչ, եթե «նոր Հայաստանը» այսօր ղեկավարում են մարդիկ՝ կոնկրետ հանձնարարականով (տալ Արցախը՝ հետևանքները թողնում եմ ձեզ) ու կոնկրետ հանձնարարողից։ Ու քանի որ մեր երկրում բոլոր «զանգ կախողները»՝ կարդա՛՝ գործ անողները, փակված են, ու մենք մնացել ենք «ճառ ասողների» հույսին՝ կարդա՛՝ վա՜յ էն ճառին, մնում է զենքերը յուղել ու պատրաստվել մարտին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Alternativ.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ