Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ ընդգծելով, որ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,-ասել է խոսնակը:
Զախարովան նշել է, որ ըստ դիտորդների տված գնահատականի՝ ընտրություններն անցկացվել են օրենսդրությանը համապատասխան՝ առանց քվեարկության ելքի վրա ազդող լուրջ խախտումների: Զախարովան մանրամասնել է, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին հետևած դիտորդների շարքում եղել են նաև ռուս մասնագետներ, Պետդումայի պատգամավորներ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամներ:
Ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի բնակիչներին պետք է նախապատրաստել խաղաղության:
«Դա հստակ քայլերի մի ամբողջ համալիր է: Այդ քայլերը պետք է մշակել: Դրանով պետք է զբաղվեն կողմերը` ԵԱՀԿ համանախագահների օգնությամբ»,- ասել է Զախարովան:
Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման թեման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը