11 12 2018

«Իմ քայլը» այնպիսի ցուցակով է գալիս խորհրդարան, որը մտավախություն է առաջացնում. Հրանուշ Խառատյան

«Իմ քայլը» այնպիսի ցուցակով է գալիս խորհրդարան, որը մտավախություն է առաջացնում. Հրանուշ Խառատյան

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքն այնպիսի ցուցակով չի գալիս խորհրդարան, որ մենք տարակուսանք չունենանք: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Չհաղթահարվեց ազգակցական կապը, քաղաքական նպատակահարմարությունը, տարբերի հեղինակավոր ազդեցությունները և այլն։ Դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն՝ կա՛մ խորհրդարանում կոճակ սեղմելով, կա՛մ առանձին խիստ կարևոր ու սկզբունքային հարցերում ուղղակի քանակական մեծամասնություն ձևավորելու և դրանով ազդելու որոշումների ընդունման վրա», - ասաց Հրանուշ Խառատյանը։

Ազգագրագետը մտահոգ է՝ շատ լուրջ խորհելու անհրաժեշտություն կա, թե ինչպես պետք է զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա։

«Մեր հասարակությունն, իհարկե, փորձ ունի ծանր հիասթափությունների, դրանք հաղթահարելու և դրանով ապրելու։ Էականն այն է, թե ինչպես է հանրային մեծամասնությունը կարողանալու ազդել։ Նիկոլ Փաշինյանը հիմա անընդհատ հայտարարում է, որ «Իմ քայլը» և հեղափոխությունը նշանակում է ժողովրդի իշխանություն։ Հիմա եթե նա ենթադրում է, որ ժողովրդի իշխանությունը բացառապես այդ մարդկանց քվեարկությունն է լինելու, մենք այդտեղ իսկապես մտածելու խնդիրներ ունենք», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ