ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր.
«Իմ երեխային դիտողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երևում էր՝ ոնց են քվեարկում։ Վատ է, որ այսպես է»։
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. «Տեխնիկական խախտումների վերաբերյալ են եղել, որևէ քաղաքական ահազանգ այս պահին չունենք։ Տեխնիկական ահազանգերով շտաբը զբաղվում է»։
ՀՀԿ փոխնախագահը ընտրություններից հետո ցանկանում է տեսնել ուժեղ և խելացի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտանիքի և երեխայի արժանապատիվ կյանքի համար կունենա բոլոր երաշխիքները։
«Ուզում եմ տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ չկա յուրայինների և ախոյանների բաժանում, Հայաստան, որտեղ բաժանարար գծերը բացառապես մարզական հրապարակների ֆուտբոլային բաժանարար գծերն են։ Կցանկանայի ունենալ Հայաստան, որտեղ սահմանն անցնում է հայի ամենաբարձր երևակայության՝ իր հայրենիքի մասին պատկերացումները, որտեղ իմ թոռները կկարողանան հիշել իրենց անցյալը, հայ կմնան, կլինեն քրիստոնյա, ինչն ինձ համար շատ կարևոր է»,- ասաց Ա. Աշոտյանը։
Հարցին, եթե ընտրություններում անցողիկ շեմը ՀՀԿ-ն չհաղթահարի, ապա ի՞նչ է սպասվում կուսակցությանը, Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Եկեք համբերենք ու սպասենք ընտրությունների արդյունքներին։ ՀՀԿ-ի գովազդն այժմ չանեմ ու օրենք չխախտեմ, ես շատ լավատես եմ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հարցին՝ մտահոգ է՞ , Արմեն Աշոտյանը նշեց․ «Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը