«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, եղել է ուղղակի շփում, զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն»,- Գյումրիում լրագրողներին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված։ Ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք»,- ասել է նա և հավելել․ «Իրենք առաջարկում են «բոլորը բոլորին», բայց մենք այդ հարցում խնդիր ունենք և պետք է քննարկենք Արցախի իշխանությունների հետ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,- ասել էր Հաջիևը։ «Շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը շատ լավ նախադրյալ է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար։ Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը», - հավելել էր նա։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ձերբակալված անձանց փոխանակման հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը