06 12 2018

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են. Հայկ Ալումյան



Մարդկանց հետ հանդիպումների ժամանակ դատարանների նկատմամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները սպառնալիք են։ Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Եթե դատարանները գործեն սպառնալիքների ազդեցության տակ, ապա որևէ դատական ակտ, ինչքանով էլ օբյեկտիվ դատական ակտ լինի, չի համարվելու օրինական, երբևիցե վիճարկվելու ու կասկածներ է առաջացնելու ։ Եթե այս ճնշումները, որ գոյություն ունեն դատական համակարգի նկատմամբ, դնենք իրար կողք ու վերլուծենք, կհասկանանք, որ այսօր իրավիճակը նույնն է, նույնիսկ ավելի վատն է, քան նախորդ իշխանությունների ժամանակ էր», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները նախորդներից հենց պետք է տարբերվեին դրանով, որ բացառեին դատարանների նկատմամբ ճնշումները։

Ալումյանի կարծիքով դատավորները որոշումներ կայացնելիս կաշկանդված չպետք է լինեն ու կայացրած որոշումների պատճառով չհայտնվեն քննադատությունների թիրախում։

«Օրինակ, եթե իրենք որոշեն, որ պարոն Քոչարյանին անհրաժեշտ է ազատել, իրենք չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախի կարգավիճակում ու համարվելու են նախորդ իշխանությունների դրածո, նրանց պատվերը կատարող», - նկատեց Ալումյանը։

Հարցին թե, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել ընտրությունների փաստաբանն ասաց. «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել»:

Փաստաբան Ալումյանն ասաց, որ առայժմ չեն ցանկանում անդրադառնալ  Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, քանի ձայնագրության առարկան արդեն իսկ խոսուն է, բայց այն պարտադիր դառնալու է դատական գործի մաս, այն կարող նաև ՄԻԵԴ-ում քննարկման առիթ լինել:

Պաշտպանն նաև  հույս հայտնեց, որ դեկտեմբերի 7-ին  Վերաքննիչ դատարանը չի ենթարկվի ճնշումների Քոչարյանի գործով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ