ՀՀԿ-ն այս տարիներին անմարդկային սոցիալական քաղաքականություն է վարել, մարդիկ տառապել են աղքատությունից, հատկապես մարզերում: «5-րդ ալիք»-ի եթերում «Դեմ առ դեմ» նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանը:
«Հիմա ՀՀԿ-ն աջ ու ձախ խոսում է անվտանգությունից, բայց տարիներ շարունակ մարդկանց կեցությունը եղել է վտանգված: Հիմա եթե ՀՀԿ-ում մտահոգված լինեին, կառավարությունն այսքան մտահոգություններ չէր ունենա»,- ասաց Նազարյանը:
Նա ներկայացրեց ծրագրային դրույթներից կետեր, ըստ որոնց՝ 5 տոկոսային կետով աղքատություն են կրճատելու 5 տարում, և թիրախավորելու են ոչ թե նպաստ ստանալը, այլ աշխատանքը:
Նազարյանի հետ բանավիճող ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ուրախ եմ, որ կառավարությունը ևս մտահոգված է, իսկ մտահոգվելու առիթ շատ ունի»:
Ըստ նրա՝ իրենք աջ ու ձախ խոսում են անվտանգությունից, որովհետև ապահովել են այդ անվտանգությունը: Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ անվտանգությունն այժմ պաթոսացված ելույթի է վերածվել, որի մասին խոսում են անվերջ, բայց ոչինչ չեն անում:
Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Իմ քայլն» իր քաղաքականությունն ամբողջությամբ կառուցում է սուտ խոստումների և դրա չիրականացան վրա: Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հայտարարությունները միայն նրա մասին են, որ իրենք՝ «Իմ քայլը», լավն են, ՀՀԿ-ն՝ վատը, բայց անում են այն, ինչ իրենք են արել:
«Կիսատ ու պոպուլիստական քաղաքականություն եք վարել, ՀՀԿ-ն քայլեր է արել, որոնք դուք մսխում եք, թե չէ նույնիսկ աշխատավարձ ու թոշակ չէիք կարող մարդկանց տալ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը