«Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, ապա հրապարակային չպետք է ներկայացնի այդ դժգոհությունները, որոնք, փորձը ցույց է տալիս, որ որևէ արդյունք չեն տալիս, այլ նույնիսկ սրում են հարաբերությունները, քանի որ գործընկերներին վերաբերող թեմաները պետք է քննարկվեն հանդիպումների ժամանակ՝ մինչ հրապարակայնացվելը»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ նիստին և գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված տարաձայնություններին։
Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշում ՀԱՊԿ-ում դեռ չկա։ Սակայն, ըստ նրա, անդամ երկրների մեծ մասը հակված են, որպեսզի թեկնածությունը ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ կազմակերպությունում նախագահության հերթը Բելառուսինն է, Հայաստանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, անդամ երկրները հակված չեն անընդհատ փոփոխությունների, նաև դեմ են, որպեսզի կրկին ՀՀ ներկայացուցիչը ստանձնի այդ պաշտոնը՝ ելնելով մի քանի պատճառներից։
Նախ, ըստ նրա, Հայաստանն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ՀԱՊԿ-ում՝ ետ կանչելով իր ներկայացուցիչ քարտուղարին, երկրորդ՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի «պաշտպաններ», որոնք խուսափում են այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչից՝ մտավախություններ ունենալով, որ այն կօգտագործվի ի շահ Հայաստանի ԼՂ հակամարտության հարցում։
Ֆելգենգաուերի կարծիքով, Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում ներքաշվել հակամարտության կարգավորմանը՝ ի շահ Հայաստանի, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բավականին սերտ են։
«Սակայն անընդունելի է ոչ ՀԱՊԿ անդամ երկրների միջամտությունը ՀԱՊԿ ներքին գործերին, առավել ևս, երբ կա ադրբեջանական ազդեցություն, որը տարածվում է բելառուսական, հարկ եղած դեպքում՝ ղազախական խողովակներով։ Այս հարցում կան խնդիրներ, որոնք կքննարկվեն բարձր մակարդակում։
Այո, ինչպես ՀՀ ղեկավարն է նշում, պետք է քննարկումներ տեղի ունենան ՀԱՊԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Պարտավորություններ ունեն ոչ միայն մյուս բոլոր երկրները, այլև Հայաստանը, որի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում նշանակումից հետո ներկայացնում էր ՀԱՊԿ-ն, և կառույցի նկատմամբ հարգանք պետք է լինի բոլոր երկրների կողմից։ Պետք է խրախուսել, որ այս խնդիրները քննարկման առարկա դառնան ՀԱՊԿ-ում, որպեսզի չվտանգեն ո՛չ կազմակերպության շահերն ու հեղինակությունը, և ո՛չ էլ անդամ երկրների»,- ասաց Ֆելգենգաուերը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում գուցե նպատակահարմար է հրաժարվել այդ պաշտոնից՝ մինչև երկրում իրավիճակը կայունանա։
Այնուամենայնիվ, Ֆելգենգաուերի կարծիքով, դեկտեմբերի 6-ին փորձ կարվի լուծել ստեղծված իրավիճակը, բայց ոչ՝ հօգուտ Հայաստանի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը