Ադրբեջանը համարժեք պատասխան չունի Հայաստանին «Իսկանդեր» կայանքի մատակարարմանը: Այս մասին Lազարևյան ակումբի նիստում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Ըստ նրա՝ «Պոլոնեզ» կայանքը չի կարող այդպիսին դիտարկվել: «Այդուհանդերձ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կփորձի համարժեք պատասխան գտնել»,-նշեց փորձագետը:
Եվսեևի խոսքով՝ Ադրբեջանը զրահատանկային զորքերի և հրետանու թվական գերազանցություն ունի: Սակայն կարեւոր է ոչ միայն թվական գերազանցությունը, այլեւ որակական: Հենց դա էլ ցուցադրվեց 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ագրեսիային պատասխանելիս, նշեց Եվսեևը՝ շեշտելով, որ որակական գերազանցությունը վերացվեց «Իսկանդեր» կայանքների մատակարարման շնորհիվ: «Սա թույլ տվեց դնել Բաքվին պատասխան հարված հասցնելու հնարավորության հարցը, ինչը լուրջ զսպող գործոն է: Եղել են սպառազինության նաեւ այլ մատակարարումներ»,- նշեց Վլադիմիր Եվսեևը:
Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից իսրայելական դրոնների գնումը չեզոքացվում է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մատակարարումներով: «Սակայն իրավիճակը շարունակում է զարգանալ: Ադրբեջանը որակական գերազանցության հասնելու փորձեր է ձեռնարկում, այս նպատակով են Բելառուսից գնել «Պոլոնեզ» կայանքները, համաձայնագրեր են կնքվել Իսրայելի հետ, ինչը չի բացառում հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք օգտագործվում են իսրայելական բանակում: Եթե Ադրբեջանին հաջողվի գերազանցության հասնել, ապա դա նրան կդրդի ուժային լուծման փորձերի: Սահմանի ցանկացած փոփոխություն կարող է բերել ոչ միայն անվտանգության գոտու, այլև ամբողջ Լեռնային Ղարաբաղի կորստի: Ուստի սահմանների տեղաշարժման ցանկացած քննարկում Ադրբեջանին կխթանի անցակացնել այն նվաճելու մասշտաբային գործողություն»,- նշեց փորձագետը:
Այս ենթատեքստում նա ընդգծեց հայ-ռուսական համագործակցության կարևորությունը: Նա հիշեցրեց Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքների մասին, բուֆերային գոտու նվաճումը, ինչը թույլ տվեց ադրբեջանական դիրքերն այնքան մոտեցնել, որ այդ կողմից հարված իրականացնելու լուրջ սպառնալիքներ են առաջանում: Թուրքիան ջանքեր է ձեռնարկում իր ռազմական ներկայության ակտիվացման ուղղությամբ, այդ թվում՝ զորքերի արագ տեղափոխման միջոցով: «Կարծիք կա, որ օպերատիվ կապը լարվածությունը նվազեցրել է: Կարծում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում: Եթե 2014 թվականին խոսում էին դիպուկահարներին հետ քաշելու մասին, ապա հիմա պետք է խոսել ծանր տեխնիկան հետ քաշելու մասին: Ադրբեջանին եւ Թուրքիային մասշտաբային գործողություն անցկացնելուց զսպում է միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը»,- եզրափակեց Վլադիմիր Եվսեևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը