Նոյեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը մինչ օրակարգին անցնելը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին, ում մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակի անդամ Նուարդ Վարդանյանին:
Երևանի ավագանին հավանություն է տվել Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին Ռաֆայել Լեմկինի փողոց կոչելու որոշման նախագծին։ Ավագանին արտահերթ նիստում հավանություն է տվել նաև Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու նախագծին: Աուդիտորական ծառայությունների ձեռքբերումն, ի դեպ, կիրականացվի գնումների գործընթացով՝ բաց մրցույթի կիրառմամբ: Օրակարգի մեկ այլ կետով հաստատվել է քաղաքապետարանի ընդլայնված հաստիքացուցակը, ինչը նպատակ ունի բարձրացնել Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատանքների արդյունավետությունը: Արտահերթ նիստում հավանություն է տրվել նաև Երևանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Երևանի բյուջեով ավագանու անդամների համար նախատեսված են ամսական գումարներ՝ նվազագույն աշխատավարձի չափով (55 000 դրամ):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը