26 11 2018

«ՕԵԿ»-ի աղոթքը, «ՔՈ»-ի մանդարինները, ՀՀԿ-ի՝ ստվարաթղթե «հեշթեգը»-ն ու «Իմ քայլ»-ի անկարևոր Արցախյան պատերազմը

«ՕԵԿ»-ի աղոթքը, «ՔՈ»-ի մանդարինները, ՀՀԿ-ի՝ ստվարաթղթե «հեշթեգը»-ն ու «Իմ քայլ»-ի անկարևոր Արցախյան պատերազմը

Նոյեմբերի 26-ին մեկնարկեց  խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Առաջադրված 11 ուժերը 12 օր ունեն` շրջելու ողջ Հայաստանով, համոզելու իրենց ձայն տալ:

Ներկայացնում ենք քաղաքական ուժերի քարոզարշավի առաջին օրը: Նյութը կթարմացվի քարոզչական խմբերի շարժին զուգահեռ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երևանի Մաշտոցի պուրակից: Կուսակցությունն աչքի ընկավ  մանդարիններով, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում: ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանը նշեց. «Քաղաքական դաշտում թարմություն է պետք, ես մեծ հույս ունեմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Որպես միասնականության խորհրդանիշ՝ ՀՀ-ում օգտագործվում էր նուռը, բայց մենք համոզված ենք, որ մանդարինը շատ ավելի լավ է բնութագրում, քանի որ հավասար բաժանելու, միասնական լինելու խորհրդանիշ է»: Մաշտոցի պուրակից Քո կուսակցության անդամները երթ անցկացրին Երևանի կենտրոնում, անցորդներին բաժանելով մանդարիններ և իրենց կուսակցության բուկլետները:

«Օրինաց երկիր»  կուսակցությունն այսօր քարոզարշավը մեկնարկեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմավառությամբ: ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը կոչ արեց բոլորին վառել «հաջողության» մոմեր: «Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակն ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,-ասաց նա, նկատելով, որ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջացնում են մտահոգություն: «Մենք ուզում ենք սկսել մեր քարոզարշավը՝ ասելով, որ ՕԵԿ-ն ամուր կառչած է մեր ազգային արժեքներից»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության ղեկավարը հավելեց, որ իրենք ոչ սև են, ոչ սպիտակ, իրենք՝ ՕԵԿ են:

«Սասնա ծռերն» իր քարոզարշավը սկսեց Ազգային ժողովի բակում մամուլի ասուլիսով: Ավետիսյանի խոսքով` Ազգային ժողովը երկու տարի հետո այլևս պետք է ամփոփած լինի իր անելիքը և նորից արտահերթ ընտրությունների գնա: Նրանք առաջիկա երկու տարին համարում են անցումային ժամանակահատված և, ըստ այդմ, առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան: Նրանք կոչ արեցին ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Կուսակցության երրորդ համար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ իրենք գալիս են մի քանի հարց լուծելու, օրինակ՝ կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձը, լինի դա լեգիտիմ իշխանություն, թե ոչ լեգիտիմ, իրենք դա թույլ չեն տա: «Քաղաքական դաշտում բոլորը պետք է խելոքանան։ Մենք գալիս ենք քաղաքական դաշտը քաղաքական թափոններից ազատելու, գալիս ենք վերահսկելու կառավարությունը, ուզում եմ կառավարության անդամներին զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք: Մենք կհետևենք ձեզ, ափռ-ցփռ խոսելը կկանխենք»:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի առաջին օրը սկսեց մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագիրը:  ԱԺ փոխնախագահ  Միքայել Մելքումյանը նշեց. «Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերել»: Նախընտրական ծրագրում կար մի շարք դրույթներ, օրինակ՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, պետք է երկնիշ աճ ունենանք, տեխնոլոգիական հեղափոխության ապահովում պետք է լինի, պետք է բարձրանան թոշակներն ու աշխատավարձերը, ՓՄՁ-ների զարգացման հիմնախնդիր պետք է լինի,  սոցիալական բնակարանաշինության ծրագիրը և էլի մի շարք հարցեր: ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ  ծրագրում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման դրույթ կա:

 

 

«Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Տավուշի մարզից: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սրագսյանը հայտարարեց, որ Տավուշից է սկսվում ու շարունակվում Հայաստանը, սահմանամերձ համայնքի խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: Արամ Սարգսյանը իրենց ծրագրերը ներկայացնելիս հատկապես կարևոր համարեց առողջության ապահովագրության հարցը, մեքենաների պարտադիր ապահովագրությունը, նա նշեց, որ կենսաթոշակային համակարգ ներդնելու փոխարեն առաջինը պիտի պետությունը մտածեր մարդկանց առողջության պարտադիր ապահովագրության մասին, կարևորեց նաև անվտանգությանը վերաբերող հարցերը: Ըստ նրանց՝ շփման գծում պետք է լինեն պայմանագրային, ոչ թե ժամկետային զինծառայողները:

 

 

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց մամուլի ասուլիսով: Նրանք չեն  ունենալու շտաբներ, ունենալու են շտաբների դեր կատարող մեքենաներ:  Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ իրենք նպատակ են դրել ընտրարշավը քաղաքականացնել և դարձնել գաղափարական: Նրանք շեշտը դնելու են սոցիալապես անապահով անձանց օգնություն տալու վրա: Լևոն Շիրինյանը բացառեց ցանկացած համագործակցություն հանրապետականների հետ: Ներկայացվեց նաև կուսակցության կարգախոսը՝«Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը սկսեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանից: Կուսակցության երկրորդ համար Մանե Թանդիլյանը նշեց, որ միասին պետք է կառուցեն այն Հայաստանը, որի մասին երազել են տարիներ շարունակ: Թանդիլյանի խոսքով՝ իրենց արհեստավարժ թիմը պատրաստ է կառուցելու բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շրջայց է կատարեց Նոր Նորքում, ինչին հաջորդեց ավտոերթը: Նշենք, որ ԼՀԿ-ն քարոզարշավ է անում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն քարոզարշավը սկսեց ասուլիսով, ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը՝ բաղկացած 6 կետից: Ըստ նրանց՝ ՀՀ քաղաքացին պետք է մտահոգ լինի Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու, ավանդական արժեքների այլասերմամբ և շատ այլ հարցերով: Չնայած նրան, որ Հայաստանին պարտադրվել է սև ու սպիտակ խաղի կանոններ և իրենց պաստառն էլ այդ գույների մեջ է, բայց Աշոտյանը ցույց տվեց ծրագրի ներքին հատվածում եռագույնով թերթիկները: Աշոտյանը նշեց, որ իրենք օգտվելու են քարոզչության բոլոր հնարավորություններից: Մեծ հանրահավաքներ չեն անելու, ընկնելու են դռնեդուռ և վստահության քվե են խնդրելու: Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանին անակնկալ է սպասվում:

«Իմ Քայլ»-ը քարոզարշավը սկսեց հանրահավաքի ձևաչափով Արագածոտնի մարզի Թալին քաղաքից, որից հետո հանրահավաքներ տեղի ունեցան Մարալիկ, Արթիկ քաղաքաներում և քարոզարշավը ավարտեց Գյումրիում: «Իմ Քայլ»-ի քարոզարշավն առանձնացավ նրանով, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ պատասխանեց քաղաքական ուժերի արած հայտարարություններին:

Թալինում քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 7-րդ համար Սասուն Միքայելյանը, ով նշեց, որ այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը. «Չեմ վախենում ասել, որ այն հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցինք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը հաջողվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, որի արդյունքները պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախորդ իշխանությունները թույլ չտվեցին վայելել այդ հաղթանակը, և մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե մարդիկ ինչի համար իրենց գլուխը դրեցին զոհասեղանին»:

Արթիկում ելույթի ժամանակ «Իմ քայլը»-ը դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ներկայիս իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին նշեց. «Ծպտուններդ չհանեք բանակի մասին, «Հանրապետական» եք, ինչ եք, դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետև դուք արժեզրկել եք բոլոր արժեքները: Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը և ձեր համար «Բռաբուսներ» եք առել: Հիմա դուք պետք է ծախեք ձեր «Բռաբուսներ»-ը, որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իշխանությունը սխալներ թույլ տվել է, բայց ըստ նրա՝ առանց դրա հնարավոր չէ աշխատել:  Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 9-ին անակնկալ է սպասվում, Ն. Փաշինյանն ասաց. «Ես գիտեմ՝ ինչ անակնկալ է: Դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց չեն քվեարկել»: Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամների՝ խորհրդարանը 1.5-2 տարի աշխատելու հայտարարությանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիներն այլ բան չորոշեն: «Դուք որոշել եք, որ Ձեզ իրավունք է տրված խորհրդարանի, երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես Ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ: Մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն»,- նշեց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ