21 11 2018

Կառավարությունը բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք 6 ամսում չեն կատարել․ Վիգեն Սարգսյան

Կառավարությունը բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք 6 ամսում չեն կատարել․ Վիգեն Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով այն միջադեպի մասին, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»:

«Հայկ Մարությանն ասել էր՝ ով մեր հետ չի, թշնամի է: Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների: Ասել է, որ ով իր կողքը կանգնած չէ, թշնամի է: Դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է: Հայկ Մարությանը մտավորականի համբավ է փորձում ունենալ, և ես դրան եմ պատասխանել ու ճիշտ եմ արել»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Դիտարկմանը, թե նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էլ Սարգսյանն ասել էր, որ «իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել առանց հայհոյանքի», վերջինս ասաց. «Զարուհի Փոստանջյանը երկրի գլխավոր հրամանատարին, երկրի իշխող ուժին մեղադրում է պատերազմ հրահրելու ու դրա համար փող հավաքելու մեջ»:

Խոսելով «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանի հայտարարության մասին, թե ընդդիմությունն անցնում է չափ ու սահմանը, անձնական վիրավորանքներ հասցնում, Վ. Սարգսյանն ասաց, որ Ա. Սարգսյանի տեսակետը օբյեկտիվ չէ, դա իր կարծիքն է, որի դեմ ինքը բան չունի: Անդրադառնալով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա ապրում է իր հարազատներից մեկի առանձնատանը: Հարցին՝ ինչո՞ւ հայտարարություններով հանդես չի գալիս, նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բավական քաղաքական փորձ ունի՝ որոշելու համար, թե երբ է արտահայտվում:

Իսկ այն հարցին, թե Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է քաղաքականության մեջ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Նրա մնալը քաղաքականության մեջ կախված է առաջիկա համագումարից: Նա ապրիլի 23-ին հայտարարել է, որ այս պահին հեռանում է»:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև իր գրառումները հավանություն տվող ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք, ըստ «Իրազեկ քաղաքացի» միավորման, կեղծ են: Նա ասաց, որ դա սուտ է:

«Կեղծ օգտատերերի մասին խոսելիս ասեմ, որ Դանիել Իոաննիսյանը շատ մեծ բազա ունի նայելու այսօրվա իշխող ուժի աջակիցների մեջ՝ «Зона Позитива» և այլ տեղեր: Եթե «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիք հասցնելու ձև է, ինչո՞ւ պետք է վճարեմ մեկին, ով կեղծ օգտատեր է, ու իմ կարծիքը հասցնեմ իրեն: Դա չի աշխատում, հոդվածները կարդում են ըստ բովանդակության, ոչ թե լայքերով»,- նշեց ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարը։

Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ պոպուլիզմը 21-րդ դարի վտանգներից է: Հայաստանի կառավարությունը, նրա խոսքով, բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք 6 ամսում չեն կատարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ