Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:
Իր ելույթում նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է հսկայածավալ՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, որոնք մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարևորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
«Ամերիկահայությունը, մասնավորապես՝ Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, և ամեն անգամ այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- շեշտել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ դրանց իրականացումը կարևոր դերակատարություն կունենա մեր հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման գործում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ եւս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը