ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացել է «Կալիֆորնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆորնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆորնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Այս մասին հայտնում է դեսպանատունը։
Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։
«Ինձ համար պատիվ է արդեն 2-րդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆորնիայի մշակույթն ու խոհանոցը», - ասել է ԱՄՆ դեսպան Քվինը, ով հասակ է առել Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում։
Միջոցառման հյուրերը ճաշակել են հայկական և ամերիկյան խոհանոցի ավանդույթները ներկայացնող ուտեստներ, վայելել ռոք երաժշտություն և ականատես եղել հրավառության։ Հնչել են նաև ԱՄՆ և ՀՀ օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը