17 11 2018

«Գուգլ»-ին հղում անելը պատրվակ էր․ Արմեն Ֆերոյանը Yerevan.Today-ում խուզարկությունը տարօրինակ է համարում



2 ամիս է անցել Yerevan.Today կայքում խուզարկությունից։ Քննչական կոմիտեն տեխնիկան առգրավելուց երկու ամիս անց անգամ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, այնինչ խմբագրությունը զրկված է բնականոն գործունեության իրականացումից։

«Վերաքննիչ դատարանն անհասկանալիորեն մերժեց մեր բողոքը։ Բողոք ենք ներկայացրել վճռաբեկ դատարան և ուզում ենք հուսալ, որ վճռաբեկ դատարանը գոնե իր դատապարտող դիրքորոշումը կարտահայտի։ Լրատվական ընկերությունը սովորական բնակարան չէ, և մեկ անձին վերաբերող տեղեկատվություն չէ, որ լինում է։ Իրավապահ մարմինները հարցին պետք է չափազանց զգուշորեն մոտենան»,- ասաց փաստաբանը։

Խուզարկության հիմքերը, ըստ նրա, անհասկանալի են, կատարվել է բացառապես ոստիկանության կողմից տրված տեղեկատվության հիման վրա։

«Երկու ամիս է, որ փորձաքննությունը չի ավարտվել, այնինչ նմանատիպ փորձաքննությունները, ըստ մասնագետների, կարելի է անել երկու ժամվա ընթացքում»,- ասաց փաստաբան Ֆերոյանը։

Փաստաբանն անդրադարձավ նաև գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը՝ նշելով․ «Կալանքը ծայրահեղ միջոցն է, որը պետք է կիրառել անձի նկատմամբ՝ նրա հնարավոր վարքագիծը զսպելու համար։ Տվյալ դեպքում պետք է հասկանալ՝ ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձը հնրավո՞ր է խոչնդոտի գործի քննությանը, թե՝ ոչ։ Որքան տեղյակ եմ, Սամվել Մայրապետյանն անգամ հեռախոսազանգի հիման վրա է ներկայացել քննչական մարմին, որից հետո ձերբակալել կամ կալանավորել են»։

Գործին միջամտելու կասկածով խափանման միջոցի չփոփոխումը համարում, է անընդունելի իրավական ցանկացած պետությունում։ Համաձայն վճռաբեկ դատարանի գնահատականի՝ ենթադրությունները դեռևս բավարար չեն կալանքի տակ պահելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ