Քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի՝ այսօրվա ելույթին:
Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իմ անձին ու գործունեությանը։ Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։
Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։ Մինչ բուն խոսքիս անցնելը ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։
Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ: Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում։
Անցնեք առաջ։ ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննադատություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավարումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։
12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն, այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը