14 11 2018

Ոստիկանությունը համագործակցում է թաղման բյուրոների հետ. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանությունը համագործակցում է թաղման բյուրոների հետ. Նիկոլ Փաշինյան

Նոյմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց, թե արդյոք արվում է ամենը, որպեսզի ընտրական ցուցակները լինեն կատարյալ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքի խեղաթյուրում և ապօրինի ազդեցություններ չեն լինելու:

Ինչ վերաբերում է ընտրական ցուցակներին, Փաշինյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններին աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է: «Այսօր առավոտյան ոստիկանության պետը զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ նաև թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, քանի որ նախկինում, պարզվում է, մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է  այլ կառույցներից, և թաղման բյուրոների հետ աշխատանք չի եղել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրապետությունից բացակայողներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանց անունները ցուցակից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա: «Մարդը ՀՀ քաղաքացի է և պետք է լինի ընտրական ցուցակում, այլ բան է, որ եթե լինի գաղափար, որ ԸՕ-ում լինի լրացում, որ մարդը հատեց ՀՀ սահմանը, նույն պահին անունը ավտոմատ դուրս հանվի ցուցակից, որ պահին վերադարձավ, կրկին վերականգնվի: Բայց նման կատարելության համար պետք է մեխանիզմ.»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ուշադիր լինել իրենց բնակարանի վրա գրանցված անձանց ցուցակներին, և երաշխավորեց, որ եթե առանց սեփականատիրոջ իմացության որևիցե մեկին գրանցեն, խիստ պատասխանատվության կենթարկվեն:

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց նաև. «Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք՝ անկախ նրանից, թե որ թեկնածուն որ կուսակցությունից ու դաշինքից կլինի, իշխանությունից թե ընդդիմությունից, և մենք, այո, ունենալու ենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ