12 11 2018

Խնդիրն այնքան ժողովրդի մեջ չէ, որքան իշխանավորների, որոնք պատկերացում չունեն՝ ինչպես ժողովրդին հանեն այս վիճակից. գնահատական

Խնդիրն այնքան ժողովրդի մեջ չէ, որքան իշխանավորների, որոնք պատկերացում չունեն՝ ինչպես ժողովրդին հանեն այս վիճակից. գնահատական

Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քանի որ մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը 800 000 "պորտաբույծների" մասին կարևոր հայտնագործություն արեց, երեկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտահայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսվեմ։

Նախ, ինչ 800 000 մարդու մասին էր խոսքը՝ ենթադրություն եմ անում, որ բյուջեից միջոցներ ստացողների։ Դրանցից մոտ 450 000 թոշակառուներ են, ուստի իրենցից իմաստ չունի պահանջել, որ աշխատեն։ Մոտ 250 000 մարդ էլ տարբեր կատեգորիաների բյուջեից վարձատրվող պետական հատվածի աշխատողներ են՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինծառայողներ, ոստիկաններ, քաղծառայողներ, և իրենցից էլ իմաստ չունի պահանջել, որ ավելի լավ աշխատեն, իրենց աշխատաժամանակը պետությունը պետք է կարողանա ավելի լավ օգտագործել, դա հենց վարչապետի գործն է, բայց քանի որ ինքը այդ գործը մինչև վերջ չի պատկերացնում, սկսում է մունաթ գալ սեփական աշխատողների վրա։ Մնում է մոտ 120-130 000 աշխատունակ նպաստառուներ, որոնք պետությունից ստանում են կոպեկներ Փարոսով և այլ ծրագրերով, և որոնք կամ թաքնված աշխատում են գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում, կամ էլ գնում են խոպան աշխատանքի՝ իրականում այդ մարդիկ թերզբաղված են, սակայն նույնիսկ նրանց մեծ մասը տարբեր ձևերով փորձում է աշխատել և իրենց հոգսը հոգալ։

Իրականում, խնդրո առարկա 800 000 միայն շատ փոքր մասն է, որ ունի աշխատելու կարողություն, սակայն չունի աշխատելու ցանկություն, և հենց նրանք էլ պատրաստ էին ընտրել Նիկոլ Փաշինյանին, որ իրենց նպաստները բարձրացնի (թեև գուցե էլ չընտրեն հայտնի խոսքերից հետո)։ Իրականում մարդկանց մեծ մասը կամ չունի աշխատելու հնարավորություն, կամ էլ արդեն աշխատում է, բայց ցածր արդյունավետությամբ, և դա ոչ այդքան իրենց մեղքն է, որքան այն համակարգի, որում նրանք աշխատում են։ Որպեսզի այդ համակարգում աշխատանքի արդյունավետությունը բարձրանա, մասնավոր ոլորտում հսկայական կապիտալ ներդրումներ պետք է արվեն որակյալ աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց նոր պահանջներին համապատասխան վերապատրաստելու համար, իսկ պետական ոլորտում պետք է իրականացվի մասշտաբային մոդեռնիզացիա, նրա այսօրվա ցածր արդյունավետությունը հաղթահարելու համար։ Այս ամենը լինելու է հաջորդ կառավարության կարևորագույն խնդիրը, և դատելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից, ինքը այդ խնդրի լուծման ձևերը այնքան էլ դեռ չի պատկերացնում, ուստի արդեն հիմա փորձում է պատասխանատվությունը բարձել հենց իրեն իսկ հրապարակում ընտրած ժողովրդի վրա։

Ինձ մնում է զարմանալ միայն, թե որքան մնայուն է մեր երկրում Սերժ Սարգսյանի գաղափարական ժառանգությունը, և որքան արագ նրա հաջորդը իշխանության գահին յուրացրեց այն, գալով այն խորը գիտակցության, որ մեր երկրում ժողովրդի պատճառով "խիարը թարս է աճում"։ Գուցե խնդիրը սակայն ժողովրդի մեջ չի այնքան, որքան նրա իշխանավորների, որոնք պատկերացում չունեն, թե ինչպես ժողովրդին այս վիճակից հանեն, սակայն համարձակություն էլ չունեն դա ընդունելու՝ չէ որ դա սեփական իշխանության վերջն է նշանակում։

Հ․Գ․ Գրածիցս մի նեղվեք՝ իրականում լուծումներ կան, պարզապես դրանք հեշտ չեն, գիտելիք, քաղաքական խիզախություն, և ժամանակ են պահանջում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ